Մատչելիության հղումներ

Մարուքյանի խոսքով՝ կոնսենսուսը կարող է կայանալ, եթե ընտրությունները տեղի են ունենում մինչև հունիսի 1-ը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իշխանությունների մոտ տեսնում է արտահերթ ընտրությունների գնալու կամք։ «Առաջ ասել եմ, որ պատրվակ են փնտրում՝ չանեն, պատրվակ էր հուշագիրը և այլն։ Հիմա տեսնում եմ կա կամք գնալ ընտրությունների, ուրեմն գնում ենք ընտրությունների», - այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Մարուքյանն՝ ընդգծելով՝ գործընթացը պետք է ավարտվի մինչև հունիսի 1-ը։

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունները կարծես ցանկություն ունեն ընտրությունների գնալ աշնանը, Մարուքյանն այսպես արձագանքեց․ - «Ժամկետները մեզ համար կարևոր են։ Մենք կունենանք համախոհություն, եթե մեր ասած ժամկետում իրականացվի։ Հունիսի 1-ից հետո մենք չենք կարող երաշխավորել, որ խորհրդարանում առաջադրումներ չեն լինի։ Հետևաբար մեր կոնսենսուսը կարող է կայանալ, եթե այն տեղի է ունենում մինչև հունիսի1-ը»։

Մարուքյանը պարզաբանեց՝ ժամկետը կարևոր է նրանով, որ ճգնաժամն այնքան խորն է, որ պետք է արագ հանգուցալուծում տալ։ «Ամենաարագ ընտրությունների ժամկետը կարող է լինել մայիսի ընթացքը՝ մայիսի մեջ գոնե, մինչև հունիսի 1-ը, որ ավարտված լինի, իսկ եթե մենք փափուկ բարձ ենք դնում ու ասում ենք, որ «ժողովուրդ ջան, համբերեք, հունիսց հետո կխոսենք», դա ակտուալ խոսակցություն չի։ Եթե առաջիկա 10 օրում է լինում լուծարումը, էդ ընտրությունները տեղի են ունենալու մինչև հունիսի 1-ը, եթե էս 10 օրում հանգուցալուծում չունենք, ես չգիտեմ 10 օր հետոյի վերաբերյալ ինչ կարող է լինել, որ դրա վերաբերյալ բան խոսեմ, որովհետև այնքան անհանգիստ է երկիրը, այնքան ցնցումներ կան, որ ես չեմ կարող դրա վերաբերյալ կանխատեսումներ անել»։

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրել էր հանդիպման՝ նախագահական նստավայրում: Նպատակն, ինչպես հայտարարվել էր, առկա իրավիճակը քննարկելը և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելն էր։ ԼՀԿ-ն ու «Իմ քայլը» ընդունել էին նախագահի հանդիպման հրավերը։ Սակայն հանդիպումը չկայացավ նախագահի առաջարկած ձևաչափով․ նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ հանդիպումը չի կայանա, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել:

Արմեն Սարգսյանն էլ առանձին հանդիպումներ ունեցավ վարչապետի, «Իմ քայլը»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարների հետ։ Նախագահի հետ հանդիպումներից հետո «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարեցին, որ հնարավոր են համարում համաձայնությունը արտահերթի շուրջ։

XS
SM
MD
LG