Մատչելիության հղումներ

Վաղը հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի, հայտնում է նախագահի աշխատակազմը


Մարտի 13-ին` վաղը, մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի, հայտնում է նախագահի աշխատակազմը: Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից հրավերը «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն են ընդունել, «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել:

«Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ», - հաղորդում է նախագահի աշխատակազմը` հավելելով, որ այդ հանդիպումները հնարավորություն կտան ևս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները և դրանց հիման վրա ձևավորել աշխատանքային օրակարգ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, և պետք է անել ամեն ինչ` երկիրը զերծ պահելու ցնցումներից:

Հիշեցնենք, որ հանդիպելու հրավեր Արմեն Սարգսյանն արել էր 2 օր առաջ:

Հայրենքի փրկության շարժման խորհուրդը համաձայնել էր նախապայմանով, որ պատրաստ են հանդիպման, եթե օրակարգում վարչապետի հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն է լինելու, իսկ հանդիպումներն անցկացվելու են Ազգային ժողովում և ուղիղ հեռարձակմամբ։ Ժամանակավոր կառավարության ղեկավար նրանք նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին են տեսնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG