Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանի նախաձեռնած հանդիպման կայանալ-չկայանալն առայժմ անորոշ է


Աշխատանքային օրն ավարտվեց ու դեռ անորոշ է՝ իշխանության ու ընդդիմության հանդիպումը վաղը նախագահականում արդյո՞ք կկայանա։

Հրավիրյալներից Հայրենիքի փրկության շարժումը հանդիպմանը մասնակցելու նախապայմաններ դրեց, որին մինչև այս պահը նախագահը չի արձագանքել։

Արմեն Սարգսյանը երկու օր առաջ էր հայտարարել՝ շարունակվող քաղաքական ճգնաժամի փոխըմբռնելի լուծումներ գտնելու համար վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին շաբաթ կեսօրին սպասում է նախագահական նստավայրում։

Խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու իշխանական «Իմ քայլը» արդեն ընդունել էին հանդիպման հրավերը, երբ երեկ երեկոյան հրապարակվեց Փաշինյանի հեռացումը պահանջող Հայրենքի փրկության շարժման խորհրդի հայտարարությունը՝ նախապայմանով, որ պատրաստ են հանդիպման, եթե օրակարգում վարչապետի հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն է լինելու, իսկ հանդիպումներն անցկացվելու են Ազգային ժողովում և ուղիղ հեռարձակմամբ։ Ժամանակավոր կառավարության ղեկավար նրանք նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին են տեսնում։

Հայտարարությունը տարածվել է Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անունից, որի անդամ է նաև «Բարգավաճ Հայաստանը»։ Բայց Գագիկ Ծառուկյանն անձամբ մինչև այս պահը չի արձագանքել նախագահի հրավերին։ Նա նաև մամուլի խոսնակ ունի՝ պատգամավոր Իվետա Տոնոյանը, որը ողջ օրը չպատասխանեց հեռախոսազանգերին։ Տեղեկություններ կան, որ Ծառուկյանն այսօր հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցի։ Բայց այն մինչև այս պահը չի հեռարձակվել։

Վարչապետի աշխատակազմից երկրորդ օրն է պատասխան հնարավոր չէ ստանալ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ վարչապետի փոփոխության հարց չեն դիտարկում, բայց ձեռնպահ մնաց կոնկրետ պատասխանել՝ եթե նախագահը ընդունի Հայրենիքի փրկության շարժման նախապայմանը, իրենք կմասնակցե՞ն հանդիպմանը։

«Կոնկրետ օրակարգով է եղել այդ հրավերը։ Մենք ընդունել ենք։ Առանձին կուսակցությունների հայտարարությունները, որոնք հնչում են այդ հրավերի համատեքստում, մենք այդ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտություն չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ արձագանքը պետք է լինի Նախագահի գրասենյակի կողմից», - ասաց Մակունցը։

«Ազատության» հարցին՝ եթե Նախագահն ընդունի այդ նախապայմանը, դուք այդ նախապայմանով կգնա՞ք հանդիպման, Մակունցն արձագանքեց․ - «Ես չէի շտապի այս պահին որևէ կերպ արձագանքել, որովհետև, նորից նշում եմ, արձագանքը առաջին հերթին պետք է հնչի Նախագահի գրասենյակի կողմից։ Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժման ներկայացրած օրակարգին, ապա մենք մեր դիրքորոշումը շատ հստակ ենք հայտնել, որ «Իմ քայլը» խմբակցությունը չի դիտարկում վարչապետի փոփոխության հարցը։ Մենք առաջարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների տարբերակը՝ որպես լարվածության թուլացման և այս խնդրից որպես հանգուցալուծում, և պաշտպանում ենք այդ մոտեցումը»։

Միայն «Լուսավոր Հայաստանն է» հստակ հայտարարում՝ կգնան հանդիպման ցանկացած ձևաչափով. – «Հանդիպումը կլինի խորհրդարանում, ուղիղ եթերում՝ կմասնակցենք հանդիպմանը, հանդիպումը կլինի նախագահական նստավայրում, փակ ֆորմատով՝ կմասնակցենք հանդիպմանը, հանդիպումը կլինի կառավարությունում՝ կմասնակցենք հանդիպմանը․․․ օդում, ջրում թե ցամաքում մենք կմասնակցենք այդ հանդիպմանը, որպեսզի էս վիճակից դուրս գանք։ Մենք ոչ մի նախապայման չենք դրել։ Իսկ որ հանդիպումը լինի, էնտեղ մեր ասելիքը, բնականաբար, կասենք» (Էդմոն Մարուքյան)։

Նախագահականն էլ առայժմ չի հստակեցնում՝ հանդիպումը չեղարկվե՞լ է, թե՞ կայանալու է։ Հայտարարել են՝ պատասխան ոչ բոլոր հրավիրյալներից են ստացել, հանդիպման ձևաչափի մասին կտեղեկացնեն։ Մինչև այս պահը հայտարարություն չի եղել։

Աշխատանքային օրվա ավարտին հայտնի դարձավ, որ նախագահը Արմեն Սարգսյանը հետազոտվել է «Աստղիկ» բշժկական կենտրոնում։ Ինչպես տեղեկացրեցին նախագահականից, պատճառը կորոնավիրուսի բարդություններն են։ Հետազոտությունն ավարտվել է, նախագահը, ըստ հաղորդագրության, անցել է սովորական աշխատանքային ռեժիմի։ Բայց նախագահականից առայժմ չեն հստակեցնում՝ հանդիպումը չեղարկվե՞լ է, թե՞ կայանա։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը և Հայրենիքի փրկության շարժման համակարգող, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատությանը» փոխանցեցին, որ վաղը ակնկալվող հանդիպման մասին նախագահականից իրենց դեռ ոչինչ չեն տեղեկացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG