Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում աճում են 


Արդեն երկրորդ շաբաթն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը բացում է՝ ահազանգելով կորոնովիրուսի տարածման աճի մասին։

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում գրանցվել է այս տարի կորոնավիրուսով վարակվելու օրական դեպքերի ամենաբարձր ցուցանիշը՝ մարտի 10-ին հաստատվել է 748 դեպք։ Մինչդեռ, երբ նախորդ հինգշաբթի վարչապետը գործադիրի նիստը սկսեց կորոնավիրուսի տարածման մասին խոսքով, նախորդ օրը հաստատված դեպքերի քանակը մեկ երրոդով պակաս էր այս վերջին ցուցանիշից. մարտի 3-ին հաստատվել էր 491 դեպք։

Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանի խոսքից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը թվեր հնչեցրեց․ - «Երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը: Ինչպես կանխատեսում էինք անցած շաբաթ՝ ունենք հիվանդացության աճ: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որոնցից հոսպիտալացված է 901-ը: Մենք այս պահին ունենք կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող 9 բժշկական կենտրոն: Ներկայումս մոտ 100 ազատ մահճակալ ունենք: Այս օրերին ևս շարունակում են ծավալման աշխատանքները՝ հընթացս տեսնելով աճի տեմպը: Բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավելի չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք և կրկին չունենանք պացիենտներ, ովքեր տանը կմնան ու հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու»:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, եթե անցած տարվա դեկտեմբերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի օրական միջին թիվը 766,8 էր կամ մեկ օրում անցկացրած ընդհանուր թեստերի 28,5 տոկոսը (այս թիվը նույնպես միջինացված է), ապա այս տարվա հունվարին կորոնավիրուսի հաստատված դեպքերի օրական միջին թիվը 237,09 էր կամ մեկ օրում անցկացրած ընդհանուր թեստերի 13,5 տոկոսը, փետրվարին՝ համապատասխանաբար 183,14 ու 6,5 տոկոս, դե իսկ այս մարտի առաջին տասը օրերին՝ 407 և 14,3 տոկոս։

Այս տվյալներից ակնհայտ է, որ կորոնավիրուսի թվերը հունվարից սկսեցին նվազել, նվազումը շարունակվեց փետրվարին, իսկ մարտին կրկին սկսեցին աճել։

«Խնդիրը լուծելու տարբերակն հակահամաճարակային կանոնների մաքսիմալ պահպանումն է, որպեսզի լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չլինի»,- Ավանեսյանի խոսքից հետո նշեց վարչապետը։ - «Ինչ վերաբերում է առողջապահական հզորությունների ծավալմանը՝ մենք նախկինից արդեն գործող պլան ունենք և այդ պլանով կառաջնորդվենք: Խնդիրն այն է, որ եկեք ամեն ինչ անենք, որպեսզի այդ նախկին առավելագույն ծավալման անհրաժեշտությունը չլինի: Եվ դա կախված է մեզնից»։

XS
SM
MD
LG