Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան զինվորականները հրաժարվում են մեկնաբանել ներքաղաքական սուր ճգնաժամը 


Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը՝ հրաժարվելով, սակայն, պատասխանել հարցերին, թե ինչպես է գնահատում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ Զինված ուժերի Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների աղմկահարույց հայտարարությունը, և ինչո՞ւ է ինքը հրաժարվել ստորագրել այդ տեքստը. «Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին»:

«Ազատության» հարցին` արդյոք դա հեղաշրջաման փորձ չէ՞, պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում` ես ոչինչ չեմ կարող ասել և մեկնաբանություն չեմ անում: Ոչ մի մեկնաբանություն»:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի փետրվարի 24-ի պաշտոնանկությունից ընդամենը ժամեր անց՝ հաջորդ օրը, Գլխավոր շտաբի շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներ՝ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակեց՝ նախագահին առաջարկելով պաշտոնանկ անել Օնիկ Գասպարյանին։

1999թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է այսօր, և ավանդույթի համաձայն՝ քաղաքական ու հանրային գործիչները այցելում են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու։ Այսօր զինվորական պանթեոնում էին նաև պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Երկրապահ կամավորականների միության ղեկավար, Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը, որոնք, սակայն, հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին։

«Հարգելի՛ լրագրողներ, այսօր Վազգեն Սարգսյանի ծնունդն է, ես որևէ հարցերի չեմ պատասխանում», - ասաց Վաղարշակ Հարությունյանը:

«Ես այսօր հարցազրույց չեմ տալիս, այսօրվա խորհրդի հետ կապված խնդրում եմ», - նշեց Սասուն Միքայելյանը:

Դիտարկմանը, որ երկրում նման իրավիճակ է ստեղծվել, ԵԿՄ նախագահն արձագանքեց. «Ես իմ տեսակետն արտահայտել եմ, երեկ չէ մյուս օրը ես ասել եմ»:

Փոխարենը լրագրողների հարցերին պատասխանեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցությունից Անդրանիկ Քոչարյանը. «Ըստ Սահմանադրության` հանրապետության նախագահը չի ուղարկել միջնորդությունը Սահմանադրական դատարան վիճարկելու: Դա նշանակում է` իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը երեք օր հետո, եթե ժամկետը լրացել է, այսինքն` մուտքագրման պահից նա պետք է համարվի աշխատանքից ազատված: Ենթադրում եմ, որ այս ընթացքում հանրապետության վարչապետը հանրապետության նախագահին կամ կներկայացնի նոր թեկնածություն, կամ կգնան կոնսուլտացիաներ Զինված ուժերի ղեկավարության, պաշտպանության նախարարի հետ, և գուցե պարտականությունը դրվի Գլխավոր շտաբի պետի տեղակալներից որևէ մեկի վրա»:

Ուշագրավ է, որ այսօր «Եռաբլուրում» պաշտպանության նախարարին Զինված ուժերի Գլխավոր շտաբից ուղեկցում էր միայն գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ում անունը շրջանառվում է որպես Գլխավոր շտաբի նոր պետի թեկնածու։ Մակարյանից զատ, Օնիկ Գասպարյանին չի միացել նաև իր գործող չորս տեղակալներից ևս մեկը՝ Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։

Հայաստանում շարունակվող ներքաղաքական սուր ճգնաժամի ֆոնին` երեկ երեկոյան հաղորդագրությամբ էր հանդես եկել Պաշտպանության նախարարությունը, թե մարտի 3-ից 5-ը Զինված ուժերի Գլխավոր շտաբում իրականացվում են Զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ զորամիավորումների հրամանատարները, իրականացվող աշխատանքներն ոււղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը, սահմանների պահպանության ամրապնդմանը, զորքերի կիրառման հնարավոր տարբերակների քննարկմանն ու Զինված ուժերի բարեփոխումների հետագա ընթացքի ապահովմանը:

Ի դեպ, հրապարակված լուսանկարներում բացակայում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։

XS
SM
MD
LG