Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան 


 

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով, տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից:

Պատասխանող կողմ է նշված նախագահ Արմեն Սարգսյանը, որպես երրորդ անձ ներգրվված են վարչապետի աշխատակազմը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը։ Հայցադիմումը ստացվել է երեկ՝ մարտի 3-ին, գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին։

Դեռևս չի հաջողվել ստանալ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի մեկնաբանությունը, այս պահին հայտնի չէ նաև, թե ով է նրա փաստաբանը։

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին. - «Հանրապետության նախագահի աշխատակազմ հայցադիմումը մուտքագրվել է որպես ի գիտություն: Հայցադիմումին սահմանված կարգով ընթացք կարող է տրվել՝ վարչական դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո»։

Վարչապետի աշխատակազմից հրաժարվեցին մեկնաբանել Տիրան Խաչատրյանի հայցադիմումը։

Զինված ուժերի Գլխավոր շտաբն ու Պաշտպանության նախարարությունը օրվա ընթացքում անպատասխան թողեցին «Ազատության» զանգերը։

Հայաստանում մեկ շաբաթից ավելի շարունակվող քաղաքական սուր ճգնաժամը, փաստորեն, սկիզբ առավ Տիրան Խաչատրյանի փետրվարի 24-ի պաշտոնանկությունից։ Ընդամենը ժամեր անց՝ հաջորդ օրը, հայտարարությամբ հանդես եկան Գլխավոր շտաբի շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներ՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ` պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակեց՝ նախագահին առաջարկելով պաշտոնանկ անել նաև Օնիկ Գասպարյանին։

Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ բարձրաստիճան զինվորականները հակապետական և անպատասխանատու քայլ էին որակել Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը՝ կարծիք հայտնելով, որ այն միայն «անձնական և հավակնոտ զգացմունքների վրա հիմնված» որոշում էր։

Խաչատրյանի հեռացման պատճառը պաշտոնապես չմեկնաբանվեց, սակայն պաշտոնանկությունից ժամեր առաջ` նախորդ օրը երեկոյան, Yerevan Today-ը Տիրան Խաչատրյանի հետ հարցազրույց էր հրապարակել՝ վերնագրելով «Գլխավոր շտաբի պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդերի» մասին վարչապետի հայտարարության վրա»։ Ըստ հրապարակման` նա անհնար էր համարել, որ «Իսկանդերը» 10 տոկոսով կրակեր։

Ցայսօր Տիրան Խաչատրյանը անձամբ չի հերքել այդ հրապարակումը։ Իսկ Պաշտպանության նախարարությունը մինչև նրա պաշտոնանկությունը պարզաբանում տարածեց, թե հեռախոսազանգի բովանդակությունը խեղաթյուրվել է։

Էլ ավելի վաղ 1in.am-ին տված հարցազրույցում, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը թափանցիկ ակնարկ էր արել` վերջին պատերազմում կրակած ռուսական «Իսկանդեր» հրթիռը գուցե պայթել է տասը տոկոսով։ Այս հայտարարությունը իսկական սկանդալ դարձավ։ Սուր արձագանքեցին նաև Մոսկվայից։

Հետևանքը եղավ այն, որ, ինչպես մարտի 1-ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, թե «առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»:

Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ՝ անցած տարվա հոկտեմբերի 22-ին, նույն Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Տիրան Խաչատրյանը արժանացավ Հայաստանի բարձրագույն՝ Ազգային հերոս կոչմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG