Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նրանք մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ անկախ այդ կապակցությամբ որոշումներից առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը երեկ որոշեց չստորագրել Գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկը։ Այդուհանդերձ, նախագահը ակտը չուղարկեց Սահմանադրական դատարան, այլ բարձր դատարան դիմեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։ Իսկ այսօր առավոտյան հայտարարությամբ հանդես եկավ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, թե հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը։