Մատչելիության հղումներ

Մենք ընդունում ենք Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածը. Լիլիթ Մակունց


Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ընդունելի է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը: Այն վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հուշագրի ստորագրմանը:

«Մենք առաջարկի երկրորդ հատվածի առումով ասել ենք, որ երբևէ որևէ փուլում պատրաստ ենք գործնական քայլեր անելու այդ ուղղությամբ, իսկ առաջին հատվածը, ես կարծում եմ, պարոն Մարուքյանի առաջարկի այդ հատվածը անգամ քննարկան ենթակա չէ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` շարունակելով.

«Կա Սահմանադրություն, և մենք` որպես պատգամավորներ, այդ թվում, պետք է պատասխանատու լինենք այդ Սահմանադրության իրականացմանը և որևէ կերպ չնպաստենք Սահմանադրության խախտմանը: Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի»:

Հիշեցնենք` Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե եթե վարչապետ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին, ինչպես նաև պաշտոնում վերականգնի շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, ապա իրենք պատրաստ են թեկնածու չառաջադրելու մասին հուշագրի ստորագրել և վարչապետի հրաժարականի պարագայում գնալ խորհրդարանական ընտրությունների:

Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կտրուկ սրվեց ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և մի խումբ զինվորականների տարածած հաղորդագրությունից հետո, որով նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Ինքը` Փաշինյանը դա որակեց որպես ռազմական հեղաշրջում, նախագահին ներկայացրեց առաջարկ Գասպարյանին պաշտոնից հեռացման վերաբերյալ: Արմեն Սարգսյանն այդ առաջարկը վերապահումներով հետ է ուղարկել վարչապետին, իսկ վարչապետը նորից ուղարկել է նախագահին:

XS
SM
MD
LG