Մատչելիության հղումներ

Հետագա քայլերը կարող է թելադրել այնտեղ կանգնած զորքը, մերը հստակ հանրահավաքն է, ասում է Մանուկյանը


Բաղրամյան պողոտայում մեկնարկում է վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։

Հանրահավաքից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց` կողմ լինելով արտահերթ ընտրություններին, առաջարկում են իրենց սցենարը՝ հրաժարական, ժամանակավոր կառավարություն, որոշակի ժամկետ՝ մոտ 1 տարի, որից հետո ընտրություններ։

«Ինքը ուզում է, որ ընտրությունները լինեն իր օրոք։ Այսինքն՝ ոնց որ հրապարակում 15 հազար մարդ հավաքեց` տարբեր շրջաններից բերելով այն մարդկանց, որոնք աշխատանք ունեն և վախենում են աշխատանքը կորցնել, որովհետև ընտանիք են պահում, և այն ձևով, ինչպես անցկացրեց պատերազմն, այդ նույն ձևով ուզում է անցկացնել ընտրությունները և վերջում ասի` «ժողովուրդն ինձ ընտրեց»։ Դա է պատճառը, որ կողմ լինելով ընտրություններին՝ առաջարկում ենք մեր սցենարը», - ասաց Մանուկյանը։

Հարցին, թե այսօր շարժումն ի՞նչ քայլեր է նախատեսում, Մանուկյանը պատասխանեց․ - «Մենք ունենք հանրահավաք։ Հետագա քայլերը կարող է թելադրել այն զորքը, որը կանգնած է այնտեղ և այնտեղ՝ գրանատներով, բայց մերը հստակ հանրահավաքն է ուրիշ ոչինչ»։

Այսօր Ոստիկանությունը հաղորդեց՝ տվյալներ են ստացել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Ոստիկանությունը կոչ է արել զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

XS
SM
MD
LG