«Լուսավոր Հայաստանը» ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծում է առաջարկում։
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարում է՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի աշխատակազմից ետ վերցնի Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը և վերանշանակի ԳՇ պետի առաջին տեղակալին, պատրաստ են թեկնածու չառաջադրելու մասին հուշագրի ստորագրել և վարչապետի հրաժարականի պարագայում գնալ խորհրդարանական ընտրությունների:
«Խնդրի որպես լուծում առաջարկում ենք հետևյալ տարբերակը՝ Դուք, պարոն վարչապետ, Հանրապետության նախագահի աշխատակազմից ետ եք վերցնում հրամանագրի նախագիծը Գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ, կարող եք նաև վերանշանակել Գլխավոր շտաբի պետի տեղակալին, ձեռք չեք տալիս Գլխավոր շատբի ղեկավարությանը, հինգ բանակային կերպուսների ղեկավարներին, և ընդհանրապես մի կողմ ենք քաշվում բանակից, թողնում ենք զինվորականները զբաղվեն իրենց գործով, բանակի վերականգնմամբ: Բանակը պետք է ապաքինվի և նրանք այդ գործին էին լծված մինչև Ձեր էս ղալմաղալները: Մենք ի պատասխան ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ մենք չենք առաջադրվելու և որևէ մեկին չենք առաջադրելու, վարչապետի հրաժարականի պարագայում խորհրդարանը ցրվի և մենք գնանք ընտրությունների», - ասել է Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը առաջարկեց Փաշինյանին դադրեցնել «ղալմաղալը, պատերազմը». «Տարրական թաղային մակարդակի դաղալությունը, անարդարությունը բանակի դեմ սանձազերծված, հրամանագրերը հետ բերել, և մենք ստանձնում ենք անցնցում խորհրդարանը ցրելու առանց որևէ առաջադրման Ձեր հրաժարականի պարագայում և գնում ենք ընտրությունների»։
Հիշեցնենք՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ փետրվարի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին: Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ևս պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացրել: