Պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտ գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները քաղաքական բոլոր ուժերից պահանջում են գերիների հարցը շահարկումների առարկա չդարձնել։ Այսօր հրավիրած հրատապ ասուլիսում իրենց վրդովմունքը հայտնեցին։
«Մեզ հուզող հարցն այն է, որ այսօրվա դրությամբ քաղաքական և ոչ քաղաքական ուժերը, որոնց կողմից շոշափվում է մեր տղաների հարցը, այսինքն` գերությունից ազատելու հարցը, մենք և՛ քաղաքական, և՛ ոչ քաղաքական ուժերին հորդորում ենք մեր տղաների վերաբերյալ յուրաքանչյուր հարցի շուրջ իրենց կարծիքները, իրենց քայլերը չկապեն մեր տղաների հետ: Մեզ հետաքրքրում է միայն մեր տղաների վերադարձը, ոչ մի քաղաքական, ոչ մի շահի կամ ինչ-որ մի թևի պաշտպանում, կամ ինչ-որ մի հարց մենք չունենք», - ասում են նրանք:
Գերեվարված 62 շիրակցիներից Հայաստան է վերադարձվել 8-ը։ Մյուս 54-ի հարազատները տանջալից սպասման մեջ են։ Գերիների հարազատներն այսօր ասում էին՝ շատ լավ գիտեն, թե ովքեր են իսկապես զբաղվում գերիների վերադարձի հարցով: Հորդորեցրին բոլորին իրենց անզգույշ խոսքերով չխանգարել հայրենադարձման գործընթացին։ Ասուլիսը հրավիրած ծնողներն իրենք շատ զգույշ էին իրենց հայտարարություններում, չցանկացան նույնիսկ անուններով ներկայանալ, որպեսզի չթիրախավորեն Ադբրեջանում գտնվող իրենց զավակներին. «Չխանգարեն, մենք չենք ուզում փակագծեր բացել, չենք ուզում ներկայացնենք, թե այդ պրոցեսի մեջ ով ներգրավվածություն ունի, ով ինչ-որ քայլ կկատարե, դա մենք գիտենք բոլորս, մենք չենք պաշտպանում ոչ մի քաղաքական ուժի: Մենք իրենց հորդորում ենք, որ այդ ամեն ինչը, ինչ որ իրենք կկատարեն` շոշափելով թեմաները գերիների, անհետ կորածների, թող զերծ մնան իրենց հայտարարություններում ու չխոչընդոտեն մնացած աշխատանքներին, որոնք որ կատարվում են, կատարվել են ու պիտի կատարվեն: Խանգարեցին իրենք սաղ պրոցեսը, ինչից որ եկել էր, զրոյից բարձրացել էր, համարյա 70 դարձել, իրենց դարձրեցին նորից զրո»:
Հարազատներին հատկապես զայրացրել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, այժմ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե իշխանության գալու պարագայում ինքը գերիների հարցը մի քանի օրում կլուծի։ Ասում էին՝ թող լուծի, նոր խոսի. «Մենք այդ ամեն ինչը, ինչը որ ինքն արտահայտվել է, մենք հորդորում ենք իրեն` ունես ցանկություն, ունես հնարավորություն, կատարիր, նոր խոսա»:
Պահեստազորայինների հարազատները պնդում են՝ եթե ինչ-որ մեկը գերիներին վերադարձնելու հնարավորություն ունի ու չի օգտագործում այն, ապա իրենք կարող են այդտեղ այլ նպատակներ տեսնել. «Եթե այսօրվա դրությամբ այդ հնարավորության տեր ունեցող անձնավորությունը չի համագործակցել այն պատկան մարմինների հետ, ով որ լիազորված է տղաների վերադարձի համար բանակցություններին կամ մինջորդություններին, մենք մտածում ենք, որ դրա նպատակն ուրիշ է, պատճառներն ու հետևանքներն էլ արդեն մենք չպիտի դատենք, կան համապատասխան մարմիններ: Մի՛ շահարկեք, մեզ պետք չէ շահարկում, մեզ պետք են հստակ քայլեր»:
Հարազատները նաև կարծում են, որ քաղաքական գործիչների հայտարարությունները խանգարեցին ու գերիների վերադարձի գործընթացը զրոյական կետի վերադարձրին: Ասացին՝ այս պահին ամենակարևոր խնդրով՝ գերեվարվածների ու անհետ կորածների հարցերով զբաղվելու փոխարեն քաղաքական գործիչները աթոռակռիվ են անում. «Ժողովո՛ւրդ ջան, սթափվեք, թողեք երեխանց արյունը չորանա, թող երեխանցը բերենք, դրանից հետո, ամոթ է, իրոք ամոթ է, դրանից հետո գնացեք, սաղ աթոռներն էլ լինի ձեզ, սաղ լինի ձեզ, մենակ սթափվեք, թողեք մեր երեխանց բերենք»
Դիմեցին նաև Հայաստանի ու Արցախի նախագահներին, թե ինչու մինչ օրս չեն եկել ու գերիների հարազատների հետ հանդիպել. «Մենք կուզենք էստեղ մի հատ ներկայանա մեր երկրի պրեզիդենտը` Արմեն Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը Ղարաբաղից, մեր երախանց հետ ովքեր կապ ունեն, թող գան Գյումրի, ինչի՞ չեն գա Գյումրի»:
Գերեվարված պահեստազորայինները Շիրակի մարզի տարբեր համայնքներից են: Նրանց հարազատներն ամեն օր հավաքվում են մարզպետարանի դահլիճում, տեղեկություններ փոխանակում ու սպասում, թե երբ իրենց երեխաները տուն կվերադառնան: