Հանրապետության նախագահի աշխատակազմը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո: Այս մասին հայտարարում է նախագահի աշխատակազմը:
Համաձայն Սահմանադրության` նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար:
«Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում: Սակայն, ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», - նշում է նախագահի աշխատակազմը:
Նաև շեշտվում է, որ ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ:
«Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ:
Հանրապետության նախագահը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով: Նախագահ Սարգսյանը կարևորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում և շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, և ոչ թե առճակատման միջոցով:
Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան», - փոխանցում է Արմեն Սարգսյանի աշխատակազմը:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր առաջարկել է նախագահին պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին: Հրամանագիրը նախագահը դեռ չի ստորագրել: Հանրապետության հրապարակում ելույթ ունենալով` Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ, և այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում: Եթե հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն` ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Շատ պարզ ընտրություն է` կամ Օնիկ Գասպարյանն ուղղակի թող ինքը դիմում գրի, հրաժարական տա, գնա, էս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել, Օնի՛կ ջան, պետք չի»: