Մատչելիության հղումներ

ԶԼՄ-ներին առնչվող վիճահարույց նախագծում «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինվի «չնույնականացված աղբյուր»-ով


Զանգվածային լրատվության մասին վիճահարույց նախագծում «անանուն աղբյուր» տերմինը կփոխարինվի «չնույնականացված աղբյուր» տերմինով․ նախագծի հեղինակներ իշխանական պատգամավորներն ընդունել եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիտարկումները։

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ այսօր հրավիրվել են Ազգային ժողով՝ քննարկելու «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները:

Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը հայտնել է փոփոխություն կատարելու շարժառիթը՝ նշելով՝ «արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»:

Թաթոյանն էլ ընդգծել է՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաև ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները և սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել:

Պատգամավորները պնդել են, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում և որ նախագծում չի լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը:

Ըստ հաղորդագրության, ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն. նախատեսվում են նաև հանրային լսումներ:

Նշենք, որ իմքայլական մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և լրատվամիջոցներին արգելել տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրներին։ Անանուն աղբյուրն էլ, ըստ առաջարկի, համացանցում գրանցված դոմեյնն է, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը, կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Մասնագետները նախագիծը խնդրահարույց են համարում՝ պնդելով, որ մամուլի ազատությունը սահմանափակելու փորձ է արվում։ ՄԻՊ-ն էլ հայտարարում է, որ «դրանք առկա տեսքով չեն կարող ընդունվել»։

XS
SM
MD
LG