Մատչելիության հղումներ

Չնայած քննադատությունը՝ իշխանություններն առաջ են տանում ԶԼՄ մասին օրենքում վիճահարույց փոփոխությունները, նշում է Մելիքյանը 


Առանց հաշվի առնելու լրագրողական կազմակերպությունների քննադատությունը՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջ տանել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իմքայլական մի խումբ պատգամավորների վերջերս հեղինակած վիճահարույց նախագիծը՝ նման կերպ վտանգի տակ դնելով խոսքի ազատությունը, «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Խիստ քննադատական մոտեցում ենք ցուցաբերել և ասել ենք, որ այս փաստաթուղթը պետք է հանել շրջանառությունից։ Ի հեճուկս դրան, փաստորեն, հենց մյուս օրը փաստաթուղթը դրվեց շրջանառության մեջ։ Առաջարկված մոտեցումն ավելի շատ վնաս է տալու որակյալ լրագրությանը, լուրջ խոչնընդոտներ է ստեղծելու հետաքննող լրագրողների համար և շատ հաճախ լրագրողներն իրենց առօրյա աշխատանքում՝ ունենալով հանրային նշանակություն ունեցող կարևոր տեղեկատվություն, բայց հստակ աղբյուրը նշելու հնարավորություն չունենալով, չեն կարողանալու հրապարակել», - ասաց Մելիքյանը։

Իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ լրատվամիջոցներին արգելել տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրներին։ Անանուն աղբյուրն էլ, ըստ առաջարկի, համացանցում գրանցված դոմեյնն է, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը, կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից, ընդհանուր առմամբ՝ այն աղբյուրները, որոնցում բացակայում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները։

Ըստ Մելիքյանի, եթե իշխանության ներկայացուցիչները չեն վստահում հայաստանյան կառույցների քննադատությանը, կարող են նախագիծը ներկայացնել միջազգային փորձաքննության՝ Եվրոպայի խորհրդում կամ ԵԱՀԿ-ում։

«Ես գիտեմ, որ այդ պատգամավորական խումբն է, փաստորեն, հեղինակները լի են վճռականությամբ շատ համառորեն անցկացնելու, և սրա դրդապատճառն, ըստ իս, տարատեսակ անձնական նեղվածությունն է այս կամ այն լրատվամիջոցի ապատեղեկատվությունից, քաղաքական նկատառումներն են և ոչ հանրային շահը», - ասաց Աշոտ Մելիքյանը։

Խնդիրն օրերս քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և հայաստանյան լրագրողական ազդեցիկ գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարների միջև։

Ըստ հաղորդագրության, արդյունքում կողմերը հանգել են հետևության, որ նախագծերն առկա տարբերակով ընդունվելու դեպքում կեղծ տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու, հակառակը՝ լրացուցիչ խնդիրներ են առաջանալու լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության պաշտպանության տեսանկյունից։ Օմբուդսմենն առաջիկայում կամփոփի իր կարծիքը խնդրի վերաբերյալ և կներկայացնի Ազգային ժողով։

Պատգամավորների օրենսդրական առաջարկի հիմնավորումներում նշված է. - «Անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Եվ ելնելով մերօրյա իրողություններից և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում, կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին և խոսքի ազատությունը»:

XS
SM
MD
LG