Հայաստանի դպրոց-մանկապարտեզների քանի՞ տոկոսն է սեյսմակայուն. իրավասու պետական մարմիններից ողջ օրվա ընթացքում չկարողացանք ստանալ այս հարցի պատասխանը։
Մինչև այդ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյան «Ազատության» եթերում հայտարարել էր, որ երկրաշարժի ժամանակ դպրոցների փակ մուտքերն ու պատուհանների ճաղավանդակները խնդիրներ կստեղծեն։
«Մեր դպրոցների հիմնական դռները, շքամուտքը միշտ փակ են, բաց է կողքից մի փոր դուռ, մի հատ էլ պահակ են նստացնում, որ երեխաները հանկարծ դասերից չփախչեն: Երկրաշարժի դեպքում այդ փոքրիկ, նեղ դռներով այդ ամբողջ եռահարկ դպրոցի ուսուցիչները, երեխաները, իհարկե, առաջին հերթին, պարզապես չեն կարողանա դուրս գալ, այնտեղ խցանում է լինելու: Բացի դրանից դպրոցների առաջին հարկերը բոլոր ճաղապատված են որպես կանոն: Ես ասում եմ՝ լավ ամենահեշտ լքելու ձևը, գոնե առաջին հարկի դասասենյակներից երեխաները պարզապես կարող են դուրս ցատկել ու ոչ մի բան ոչ ոքի չի լինի, իսկ դուք ճաղապատում եք, կարելի է իմանալ այդ ինչ եք պահում, որ այդպես պինդ-պինդ փակում եք», - ասաց Պետրոսյանը:
Դպրոցների առաջի հարկերի պատուհանների ճաղավանդակներն ապամոնտաժելու և դպրոցի բոլոր ելքերի դռները միշտ բաց պահելու ԱԻՆ մասնագետի հորդորներին գրեթե նույն պատասխանն է հնչել՝ դրանք նրա համար են, որ երեխաները դպրոցից չփախչեն։ Հրաչյա Պետրոսյանը հիշեցնում է՝ 88-ի աղետալի երկրաշարժի ժամանակ բազմաթիվ աշակերտներ են մնացել դասարաններում:
«Գյումրիում, երբ եղավ առաջին ցնցումը, իսկ այնտեղ եղել է երեք ցնցում, առաջին ցնցումից հետո երեխաները փորձել են դուրս փախչել բնազդաբար դասասենյակից, ուսուցչուհին ասել է՝ հանգիստ նստեք ձեր տեղը ցնցումը եղավ, վերջացավ, ի՞նչ է առիթ եք փնտրում դասից փախչելու ու փակել են դռները, չեն թողել, առաջին ցնցումից 4 րոպե անց եղել է երկրորդ ցնցումը, դպրոցը փլուզվել է և՛ երեխաները, և՛ ուսուցիչները, բոլորը զոհվել են», - պատմեց Հրաչյա Պետրոսյանը:
Շրջեցինք մայրաքաղաքի դպրոցներով, հանդիպած ճաղավանդակներով դպրոցներից մեկն էլ Չեխովի անվան դպրոցն է։ Տնօրեն Գայանե Սարուխանյանը հրաժարվեց հարցազրույց տալ, ասաց՝ կոմպետենտ չէ, բայց հորդորեց փոխտնօրենին ներկայացնել, որ տարհանման հստակ պլան ունեն և ելքի 6 մուտք։ Դպրոցը 4 հարկանի է և ունի 1500 աշակերտ։ Փոխտնօրեն Գայանե Սաֆարյանը ցույց տվեց, ճեմասրահում և դասարաններում փակցված տարհանման ուղեցույցը, մեր ներկայությամբ բացեցին ելքի դռներն, ասաց՝ փորձնական տարհանումներ են արել՝ առավելագույնը 3 րոպեում բոլորը դպրոցից տարհանվել են։ Առաջին հարկի դասասենյակների ճաղավանդակներն, ըստ փոխտնօրենի, խնդիր չեն:
«Նախապես գիտեն, պատուհանից դուրս չեն գալիս, վտանգավոր է, բայց կարծում եմ՝ բանը դրան չի հասնի, գիտեն, որ դռնից են դուրս գալիս ու մոտակա ելքով անմիջապես դուրս գալիս», - ասաց Սաֆարյանը:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ 2019-ին է ուսումնասիրել հանրապետության բոլոր դպրոցները։ Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առաջին հարկերում ճաղավանդակներով դասարանների թիվն այդքան էլ շատ չէ, բայց իրենք նույնպես հորդորել են, որպեսզի դրանք հեռացվեն. «Ճաղավանդակները խոչընդոտում են, դրա համար մենք պահանջ ենք դնում, զուտ գողության պահանջները, որ ներկայացնում են, որ լինում են դեպքեր, երբ գողություն են անում, ասում են, որ պետք է ճաղաշարեր լինի, բայց դա անվտանգության պահանջ է ու պետք է հանվեն, ու դրա համար մենք պարբերաբար ծանուցում ենք, որ պետք է հանվեն ճաղավանդակները»:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական հիմնականում ուսումնասիրություններն այլ խնդիրներ էլ են բացահայտել։ Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն ասում է՝ երկրաշարժից բացի հրդեհներ էլ են լինում, դպրոցները պետք է նաև դրան պատրաստ լինեն։ Ըստ տեսչական մարմին տվյալների՝ երկրի 1204 դպրոցներից 886-ում, հրդեհ հանգցնելու առաջին անհրաժեշտության կրակմարիչներ չեն եղել։ 1130 դպրոցում հրդեհի մասին զգուշացնող ազդանշանային համակարգերի բացակայություններ են արձանագրել, 572 դպրոցում հրշեջ ծորակներ և արտաքին սանդուղքներ չկան, որ հրդեհի դեպքում հրշեջները կարողանան դրսից բարձրանալ դպրոց ու մտնել շենք։ Ըստ Շախբազյանի՝ հրդեհները հիմնականում դպրոցների տանիքներում են լինում, հետևաբար տանիքի փայտե կոնստրուկցիաները պետք է համապատասխան հրդեհակայուն նյութով պատված լինեն, շատ դեպքերում, ըստ «Ազատության» զրուցակցի, դա էլ չի եղել։
Այս խնդիրները տեսչական մարմինը ներկայացրել է նաև ԿԳՄՍ-ին և համապատասխան մյուս մարմիններին։ Շախբազյանը հիշեցնում է՝ արտակարգ իրավիճակներում տարհանման խնդիրներ են առաջանում նաև այն դեպքերում, երբ դպրոցների դռները դեպի ներս են բացվում, իսկ այդպիսիք, ըստ նրա, շատ են. «322 դպրոցում տարհանման ելքի դռները դեպի դուրս բացվող չեն, սա հենց տարհանման ելքերի մասին է խոսքը, որ դռները բոլորը պետք է դուրս բացվեն, որպեսզի հենց արտակարգ իրավիճակի դեպքում, հենց երկրաշարժի դեպքում, դուռը մեխանիկորեն պետք է դեպի դուրս բացվի, եթե ներս բացվի, խնդիր է առաջանում՝ կուտակումներ և այլն»:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվում, ամենաուժեղը փետրվարի 13-ին էր, Երևանում զգացվեց 5-6 բալ ուժգնությամբ ցնցումներ, վնասվել էին նաև մի քանի դպրոցներ։