Տոկիոյում այս տարի կայանալիք Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը հրաժարական է ներկայացրել կանանց մասին հնչեցրած արտահայտություններից հետո, որոնք Միջազգային օլիմպիական կոմիտեն «անընդունելի» էր որակել։
83-ամյա Յոսիո Մորին սկանդալի կենտրոնում էր հայտնվել այս ամսվա սկզբին, երբ պնդել էր, թե կանանց մասնակցությամբ անցնող կազմկոմիտեի նիստերը ավելի երկար են տևում, քանի որ նրանք «չափից շատ են խոսում»։ Մորին ի սկզբանե ընդունել էր սխալը, ներողություն խնդրել, բայց հրաժարական չէր տվել, ինչն է՛լ ավելի էր բորբոքել նրա դեմ քննադատությունը։
Տասնյակ պաշտոնյաներ ու Օլիմպիադան հովանավորող ընկերություններ, այդ թվում՝ «Տոյոտան», դատապարտել էին, հարյուրավոր կամավորներ հեռացել՝ ի նշան բողոքի։ Կազմկոմիտեի նոր ղեկավարի ընտրության համար, ըստ պաշտոնական աղբյուրների, կստեղծվի հատուկ հանձնաժողով։
Օլիմպիադան ի սկզբանե պետք է տեղի ունենար անցած տարվա ամռանը, սակայն հետաձգվեց՝ կորոնավիրուոսի համաճարակի պատճառով։ Ծրագրվում է, որ այն տեղի կունենա այս տարի՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։