Մատչելիության հղումներ

Հետաձգված Ամառային օլիմպիադան տեղի կունենա այս տարի նախատեսված ժամկետում


Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, արխիվ
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, արխիվ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյում այս տարվա ամռանը նախատեսված Ամառային խաղերը տեղի կունենան համաձայնեցված ժամանակացույցով:

Նրա փոխանցմամբ, կազմակերպիչների թիվ մեկ առաջնահերթությունը կլինի մասնակից մարզիկների անվտանգության ապահովումը:

Խաղերը պետք է տեղի ունենային անցյալ տարվա ամռանը, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի վտանգը, ՄՕԿ-ը և Ճապոնիայի կառավարությունը որոշել են Օլիմպիադան մեկ տարով հետաձգել:

«Խաղերից վեց ամիս առաջ ամբողջ օլիմպիական շարժումն անհամբերությամբ սպասում է հուլիսի 23-ին նախատեսված հանդիսավոր բացմանը: Այսօր ես ունեմ աշխարհի բոլոր 206 օլիմպիական ազգային կոմիտեներին դիմելու հնարավորություն, բոլորս պատրաստվում ենք խաղերին, մենք վայելում ենք Ճապոնիայի կառավարության լիակատար աջակցությունը: Բոլորը վճռական են անցկացնել խաղերը, դա է լույսը, որը տեսնում ենք՝ տակավին գտնվելով թունելում, մեր առաջնահերթությունը կլինի մարզիկների անվտանգությունը»,- տեսակապով դիմելով գործընկերներին՝ ասել է ՄՕԿ-ի ղեկավարը:

ՄՕԿ-ը և Ճապոնիայի կառավարությունը մշակում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ հարկ եղած դեպքում Օլիմպիադան առանց հանդիսականների անցկացնելու հնարավորությունը, սակայն դրա վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG