Մատչելիության հղումներ

«Օլիմպիադան կդառնա համավարակը հաղթահարելու խորհրդանիշ»


Ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի շենքը, Տոկիո, 24 մարտի, 2020թ.
Ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի շենքը, Տոկիո, 24 մարտի, 2020թ.

Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն, ով ապագայում, ամենայն հավանությամբ, կհավակնի Ճապոնիայի վարչապետի պաշտոնին, հուսով է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգված 2020-ի Ամառային օլիմպիադան անպայման տեղի կունենա հաջորդ տարվա ամռանը։

Հետաձգելու որոշումից հետո թե՛ Միջազգային օլիմպիական կոմիտեն և թե՛ Սինձո Աբեի ղեկավարած Ճապոնիայի կառավարությունը նշել են, որ 2021 թվականն Օլիմպիադայի վերջին տարբերակն է, և եթե համավարակը չզսպվի, ապա միակ լուծումը կլինի 2020 թվականի ամառային խաղերի վերջնական չեղարկումը։

«Տոկիոն ամեն գնով պետք է հյուրընկալի խաղերը, ես ուզում եմ, որ Օլիմպիադան դառնա այս ծանր իրավիճակը համայն մարդկության միասնական ջանքերով հաղթահարելու խորհրդանիշ», - ասել է քաղաքապետ Յուրիկո Կոիկեն։

2020 թվականի Ամառային օլիմպիադան պետք է այս ամիս սկսվեր, սակայն ամբողջ աշխարհով տարածվող կորոնավիրուսի վտանգը ՄՕԿ-ի և Ճապոնիայի ղեկավարներին գարնանը ստիպել է հետաձգել խաղերը, որոշում, որը սոսկ մի քանի անգամ է կայացվել արդիական օլիմպիական շարժման պատմության ընթացքում։

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն այս տարվա մարտի 25-ին ասել է, որ շատ ծանր էր Օլիմպիադանբ հետաձգելու վճիռը։

«Մեր առաքելությունն է կազմակերպել խաղերը, անել ամեն ինչ, որ մարզիկների փայփայած երազանքներն իրականություն դառնան», - ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, և ավելացրել է, որ այնուամենայնիվ գերագույն արժեքը մարզիկների և հանդիսատեսների առողջությունն է։

Ճապոնական կողմը դեռ մարտ ամսին հույս էր հայտնել, որ խաղերը տեղի կունենան, այդ մասին ասել է 2020 թվականի Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, Ճապոնիայի նախկին վարչապետ Յոշիրո Մորին։

Նրա փոխանցմամբ, Ճապոնիայի կառավարությունը բանակցել է ՄՕԿ-ի հետ, երկու կողմերն էլ համաձայնել են, որ խաղերի չեղարկումն ընդունելի տարբերակ չէ։ Մարզիկների և մարզասերների անվտանգությունը թիվ մեկ առաջնահերթությունն է համարվել, իրավիճակն աշխարհում վատթարացել է, հետևաբար, ընդունվել է խաղերը հետաձգելու որոշում։

«Օլիմպիական կրակը կմնա Ճապոնիայում՝ որպես աշխարհի համար հույսի փարոս այս դժվար ժամանակներում», - ասել է 2020 թվականի խաղերի կազմկոմիտեի ղեկավարը։

Մինչդեռ, Տոկիոյի քաղաքապետ Կոիկեի համար հեշտ չի լինի կյանքի կոչել 2021-ին խաղերն անցկացնելու ծրագիրը, քանի որ, ըստ վերջին հարցումների, բնակիչների զգալի մասը ենթադրում է, որ Օլիմպիադան պետք է ևս մեկ անգամ հետաձգել կամ պարզապես չեղյալ հայտարարել։

Առավել մտահոգված են ճապոնացիները հենց այս օրերին, քանի որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի նոր բռնկումների անսպասելի աճ։ Ճապոնիայում ընդհանուր հաշվով վարակվել է 21 և կես հազար մարդ, մահացել է 982 հյիվանդ։

«Իրավիճակն աշխարհում տակավին բարդ է, բայց, կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հետևողականորեն ձեռնարկել Օլիմպիադան անցկացնելու համար անհրաժեշտ միջոցներ, հետևել կացությանը և վարակի տարածման միտումներին», - ասել է Տոկիոյի քաղաքապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG