Մատչելիության հղումներ

ՄՕԿ-ի և Ճապոնիայի ղեկավարները համաձայնեցին հետաձգել Տոկիոյի օլիմպիական խաղերը


Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեկ տարով հետաձգվում են: Այսօր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լրագրողներին ասել է, թե Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ զրույցում առաջարկել է մեկ տարով հետաձգել Օլիմպիադան: Նրա փոխանցմամբ` Թոմաս Բախը 100 տոկոսով համաձայնել է:

«Խաղաղ ժամանակների համար աննախադեպ այս որոշումը ընդունվել է` հաշվի առնելով առկա իրավիճակը: Բոլոր կողմերը մարզիկների և հանդիսատեսի համար ապահով և անվտանգ միջավայր են ցանկանում», - նշել է Ճապոնիայի վարչապետը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ խաղերը տեղի կունենան ոչ ուշ, քան 2021 թվականի ամռանը, բայց կկոչվեն Տոկիոյի օլիմպիադա 2020:

«Առաջնորդները համաձայնեցին, որ Տոկիոյի օլիմպիական խաղերն աշխարհի համար կարող են հույսի փարոս դառնալ այս անհանգիստ ժամանակներում, և որ օլիմպիական կրակը կարող է լույս դառնալ թունելի վերջում, որտեղ ներկայումս հայտնվել է աշխարհը: Ուստի որոշվել է, որ օլիմպիական կրակը մնալու է Ճապոնիայում», - նշված է Միջազգային օլիմպիական կոմիտեի հայտարարությունում:

Ավանդույթի համաձայն` Աթենքից` օլիմպիական մրցումների բնօրրանը համարվող Հունաստանից, օլիմպիական կրակը հատուկ օդանավով բերվել է Ճապոնիա:

Չորս տարին մեկ անցկացվող Օլիմպիական խաղերը այս տարի Տոկիոյում պետք է տեղի ունենային հուլիսի 24-ից oգոստոսի 9-ը, բայց աշխարհով մեկ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ այն հետաձգելու կոչեր էին հնչում: Անցած կիրակի ՄՕԿ-ի նիստում վերջնական որոշում չէր կայացվել, երեկ Ճապոնիայի վարչապետի հայտարարությունում ևս որոշ չափով անորոշություն կար, չնայած նա չէր բացառել Օլիմպիադայի հետաձգումը, իսկ այսօր արդեն` օրվա երկրորդ կեսին, հստակեցվեց, որ Օլիմպիադա 2020-ը հետաձգվում է կորոնավիրուսի պատճառով:

Ամբողջ աշխարհում արդեն ավելի քան 17 հազար մարդու կյանք խլած վիրուսը խառնել է նաև եվրոպական ֆուտբոլային առաջնությունները:

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց, որ կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամկետով հետաձգում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Եվրոպայի ֆուտբոլային ուժեղագույն ակումբների եզրափակիչն այս տարի նախատեսված էր անցկացվել մայիսի 30-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում:

Հետաձգվել են նաև Եվրոպայի լիգայի և կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերը: Դրանք նույնպես նախատեսված էր անցկացնել գալիք մայիսին: Եվրոպական ֆուտբոլային առաջնությունների եզրափակիչների հետաձգումը սպասելի էր, քանի որ դադարեցվել էին եզրափակիչ դուրս գալու խաղերը, հաղթողները չէին որոշվում, որպեսզի վերջում հաղթեին ուժեղագույն 2 ակումբները: Դեռ որոշված չէ խաղերը վերականգնելու ժամկետները:

XS
SM
MD
LG