Մատչելիության հղումներ

«Պալատ Պուտինի համար» ֆիլմը դիտածների 1/3-ը վստահ է` ցուցադրվածը սուտ է, փաստում է «Լևադան»


Ալեքսեյ Նավալնիի` «Պուտինի պալատի մասին» ֆիլմը դիտել է յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին։ Նրանց մեկ երրորդը վստահ է, որ ցուցադրվածը ֆիլմում սուտ է։ «Պալատ Պուտինի համար. ամենամեծ կաշառքի պատմությունը» ֆիլմը դիտել է Ռուսաստանի բնակիչների 26 տոկոսը, այս մասին են վկայում «Լևադա» կենտրոնի հարցման տվյալները։

Ռուսաստանցիների ևս 10 տոկոսը հայտնել է, որ չի տեսել ֆիլմը, բայց ծանոթ է բովանդակությանը, 32 տոկոսը ֆիլմի մասին լսել է, սակայն մանրամասներ չգիտի: Ֆիլմի մասին ոչինչ չգիտի հարցվածների 31 տոկոսը: Դրան ամենից շատ ծանոթ են երիտասարդները՝ 18-24 տարիքային խմբում այն դիտել է 37 տոկոսը: Այն մարդկանց 17 տոկոսը, որ դիտել կամ ինչ-որ բան լսել են ֆիլմից, համոզված է, որ դրանում ասվածը ճշմարտություն է։ Ավելի քան մեկ երրորդը (38 տոկոս) կարծում է, որ ֆիլմում շարադրված տեղեկատվությունը նման է ճշմարտությանը, սակայն դրա իսկությունը գնահատելը դժվար է: Գրեթե նույնքան` 33 տոկոսը համոզված է, որ ֆիլմում ներկայացված տեղեկությունը սուտ է։

Հարցվածների գրեթե մեկ երրորդը (29 տոկոս) կարծում է, որ Վլադիմիր Պուտինը երբեք չի չարաշահել իշխանությունը։ Եվս 24 տոկոսը վստահ է, որ նույնիսկ եթե նման մեղադրանքները ճշմարիտ են, նրա օրոք երկիրը սկսել է ավելի լավ ապրել։ 17 տոկոսը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը հաստատ մեղավոր է չարաշահումների համար, 25 տոկոսը կարծում է, որ նա մեղավոր է նույն չափով, ինչ և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները:

Ինչպես ասում է «Լևադա կենտրոնի» տնօրեն Լև Գուդկովը, ֆիլմը լուրջ ազդեցություն Պուտինի վարկանիշի վրա չի ունեցել, ռուսաստանցիների մեծ մասի համար ռուսական իշխանության վերնախավի կոռումպացվածության մասին տեղեկությունը նորություն չի դարձել: Նրանք պարզապես որոշ մանրամասներ են իմացել ֆիլմից, այդ իսկ պատճառով նախագահի նկատմամբ վերաբերմունքը դեպի վատն է փոխվել միայն քչերի մոտ։

«Պալատ Պուտինի համար. ամենամեծ կաշառքի պատմությունը» ֆիլմը Նավալնիի թիմը Youtube-ում տեղադրել է հունվարի 19-ին։ Ֆիլմն այն մասին է, որ Գելենջիկի մոտակայքում` Սև ծովի ափին, նախագահ Պուտինի համար կառուցվել է եռահարկ նստավայր, և որ նրա շինարարությունն արժեցել է 100 միլիարդ ռուբլի: Ինքը՝ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է, որ ոչ իրեն, ոչ իր հարազատներին նստավայրը երբեք չի պատկանել։ Պուտինի մանկության ընկեր, գործարար Արկադի Ռոտենբերգը ֆիլմի թողարկումից 10 օր անց հայտարարել է, որ տարածքը պատկանում է իրեն, և որ այս պալատում գործելու է հյուրանոց։

Այժմ YouTube-ում տեսանյութը 110 միլիոն դիտում ունի:

Հունվարի 23-ին, 31-ին ու փետրվարի 2-ին Ռուսաստանի գրեթե բոլոր մեծ քաղաքներում անցել են բազմամարդ բողոքի ցույցեր Պուտինի հրաժարականի և Նավալնիին ազատ թողնելու պահանջով: Ցույցերին ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, Նավալնիի թիմակիցներն ու մեծ թվով աջակիցներ այսօր ձերբակալված են։

Փետրվարի 2-ի բողոքի ցույցերից հետո Նավալնիի շտաբի կոորդինատոր Լեոնիդ Վոլկովը հայտարարել է, թե մինչև գարուն նոր ակցիաներ չեն լինելու, և որ Պուտինի դեմ պայքարելու են Արևմուտքի միջոցով։

Այսօր, սակայն, հայտնի է դարձել, որ Ազատական կուսակցությունը նոր հայտ է ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան` ի աջակցություն Նավալնիի բողոքի նոր ակցիա կազմակերպելու համար։

Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդը թունավորումից հինգ ամիս անց` Գերմանիայում բուժում անցնելուց հետո հունվարի 17-ին ժամանել է Մոսկվա, Շերեմետևո օդանավակայանում նրան Մոսկվա ժամանելուն պես ձերբակալել են, իսկ փետրվարի 2-ին դատապարտել երեքուկես տարվա ազատազրկման «Իվ Ռոշեյի սկանդալային գործով»։

Ընդդիմադիր դաշտը վերջին երկու օրը ակտիվ քննարկում է ռուսաստանյան թերևս ամենահին և հեղինակավոր լիբերալ կուսակցություններից մեկի՝ «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկու բոլոգը Նավալնիի մասին, որում նա, մասնավորապես, գրել էր․

«Աջակցել կամ չաջակցել Նավալնուն` որպես քաղաքական գործչի, յուրաքանչյուրը որոշում է ինքնուրույն, բայց պետք է հասկանալ, Ժողովրդավարական Ռուսաստան, մարդու նկատմամբ հարգանքը, ազատությունը, կյանքն առանց վախի և հալածանքների, անհամատեղելի են Նավալնու քաղաքականության հետ. դրանք սկզբունքորեն տարբեր ուղղություններ են»:

Ռուսաստանյան լիբերալ ընդդիմությունը, Նավալնիի թիմակիցներն ու աջակիցները պարզապես արշավ են սկսել Յավլինսկու դեմ` սոցիալական ցանցերում նրան մեղադրելով նույնիսկ Կրեմլի շահերին ծառայելու մեջ:

Իրականում ռուսաստանյան լիբերալ ընդդիմության շրջանում Նավալնին միշտ էլ միանշանակ չի ընկալվել։ Երկրի լիբերալ հասարակության մի զգալի մասը, սակայն, համարում է, որ այսօր, երբ Նավալնիին սկզբից փորձել են թունավորել և պատահաբար չեն սպանել, հետո էլ ձերբակալել են, և նա շատերի համար քաղբանտարկյալ է, նրա դեմ խոսելը ճիշտ չէ։

XS
SM
MD
LG