Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Ռուսաստանում, նախնական տվյալներով՝ ձերբակալվել է 1300-ից ավելի մարդ


Մոսկվայում բողոքի ցույցերի վերջում ռուսաստանյան ոստիկանությունը կոշտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ. ստիպում էին նրանց ցրվել, օգտագործում էին մահակներ, քաշքշում էին ցուցարարներին, այդ թվում՝ կանանց և անչափահասների:

Reuters-ի տվյալներով, Մոսկվայում բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 40 հազար մարդ, ռուսաստանյան ոստիկանության տվյալներով՝ ընդամենը 4000:

Բազմամարդ էին բողոքի ակցիաները նաև Սանկտ Պետերբուրգում: Չնայած ոստիկանությունը ամեն կերպ փորձում էր արգելել, Նևսկի պողոտան լեփ-լեցուն էր: Բզմամարդ էին ցույցերը Սիբիրի քաղաքներում, մասնավորապես, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Իրկուտսկում, մարդաշատ էին ակցիաները նաև Եկատերինբուրգում, որտեղ մարդիկ, չնայած շատ ցուրտ եղանակին, դուրս էին եկել փողոց ի աջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի:

Ի դեպ, Մոսկվայում բողոքի ակցիային մասնակցել էին նաև Նավալնիի մայրը և կինը: Կնոջը ձերբակալել են, ինչպես նաև ավելի վաղ ձերբակալել էին Նավալիի մտերիմ և ակտիվ աջակիցներին: Այսօրվա ակցիան, օրինակ, Մոսկվայում առաջնորդներ չուներ, ելույթներ չէին հնչում, նախօրոք գրված ծրագիր էլ չկար: Կրեմլ տանող բոլոր փողոցները փակ էին, ինչպես նաև փակ էին Կրեմլի հարևանությամբ մետրոյի կայանների մուտքերը:

Ընդհանուր առմամբ ոստիկանությունն այսօր, նախնական տվյալներով, ձերբակալել է 1300-ից ավելի մարդ, Մոսկվայում 400-ից ավելի մարդ է ձերբակալվել:

Մարդիկ այսօր դուրս էին եկել փողոց՝ պահանջելով ազատ արձակել Նավալնիին, ով թունավորումից հետո հինգ ամիս Գերմանիայում բուժում սանալուց հետո՝ հունվարի 17-ին Մոսկվա վերադառնալուն պես օդանավակայանում ձերբակալվել է:

Հաջորդ օրը մերձմոսկովյան Խիմկի քաղաքում տեղի ունեցած դատավարությանը նրան կալանավորել են 30 օրով: Փետրվարի 2-ին պետք է կայան նոր դատավարություն՝ «Իվ Ռոշե»-ի գործով: Մեղադրող կողմը պահանջելու է 3,5 տարվա իրական ազատազրկում Նավալնիի համար՝ պայմանականի փոխարեն:

Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ բացված են նաև այլ քրեական գործեր ևս և ընդդիմությունը համոզված է, որ ընդդիմադիր գործչին սպառնում է երկար տարիների ազատազրկում:

Արևմտյան առաջնորդները պահանջում են Ռուսաստանի իշխանություններից անհապաղ ազատ թողնել Նավալնիին, իսկ ռուսական իշխանությունները հայտարարում են, որ ընդդիմադիր գործչի և այսօրվա բողոքի ակցիաների հետևում կանգնած է արևմուտքը:

Ըստ փորձագետների, այսօրվա բողոքի ակցիաներով Ռուսաստանում սկսվեց բողոքի նոր մեծ ալիք: Հիշեցնենք՝ այս տարի սեպտեմբերին Ռուսաստանում պետք է կայանան խորհրդարանական ընտրություններ:

Ռուսաստանցի փորձագետները նկատում են, որ մարդիկ սկսել են չվախենալ իշխանություններից: «Նավալնին չի վախենում, մենք էլ չենք վախենում», - այսօր վանկարկում էին ցուցարարները:

Բողոքի ակցիայի խորհրդանիշն էր զուգարանի խոզանակը: Նավալնիի թիմի հեղինակած «Պուտինի պալատը» ֆիլմում, որն այսօր արդեն դիտել է 65 միլիոնից ավելի մարդ, պատմում է այն մասին, որ այդ պալատի համար Իտալիայից պատվիրվել էին տասնյակ զուգարանների խոզանակներ, յուրաքանչյուրի արժեքը 700 դոլարից ավելի: Նշենք՝ Կրեմլը արձագանքել էր Նավալնիի այս սկանդալային ֆիլմին։ «Կրեմլը չի ծանոթացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պալատի մասին հրապարակմանը, ըստ էության, դա ճիշտ չէ», - ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG