Ռուսաստանից նվեր ստացած «Սպուտնիկ V»-ով պատվաստված15 քաղաքացիների մոտ հետպատվաստումային որևէ բարդություն չի արձանագրվել՝ հաստատում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը, ով մեկն է պատվաստում ստացողներից։
Գայանե Սահակյանի խոսքով՝ հունվարի վերջին, փետրվարի սկզբին ներկրվող պատվաստանյութերի նոր խմբաքանակով կպատվաստվեն ռիսկային խմբերում գտնվող քաղաքացիները՝ տարեցները, խրոնիկ հիվանդություն ունեցողները։ Պայմանագիրը միջազգային «Կովաքս ֆասիլիթի» նախաձեռնության հետ արդեն առկա է։
«Բանակցություններ ենք տանում նաև ռուսական արտադրողի հետ, բանակցություններ են տարվում նաև այս պահին ամբողջ աշխարհում կիրառվող Pfizer-BioNTech պատվաստանյութն ունենալու երկրում, «Մոդերնա»-ի շուրջ, որովհետև մեզ համար շատ կարևոր է պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունը։ Բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ այս պահին դեռևս այս երեք պատվաստանյութն է և գումարած դրան անգլիական AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ հստակ կան հետազոտություններ, կլինիկական փորձարկումների արդյունքներ», - ասաց Սահակյանը։
Աշխարհում, այդ թվում՝ հարևան երկրներում, համաճարակային վիճակը շարունակում է լարված մնալ՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ վերջին շաբաթներին կայունացում է նկատվում։
Գայանե Սահակյանը, սակայն, սա ոչ թե լիցքաթափվելու, այլ զգոնությունը առավել մեծացնելու պատճառ է համարում։ Խոսել Հայաստանում բռնկման 3-րդ ալիքի մասին, դեռ չեն շտապում, բայց տոնական օրերի շփումներից հետո չեն էլ բացառում։
«Էս նոր կորոնավիրուսը, լինելով նոր վիրուս, դեռևս շրջակա միջավայրում տեղավորվում է և անընդհատ փոփոխվում է, որպեսզի գտնի իր համար օպտիմալ տարբերակը», - ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը։
Կորոնավիրուսի նոր՝ բրիտանական անունով հայտնի շտամը, որը գիտնականների ուշադրությունը գրավեց 2020թ-ի դեկտեմբերին, կարող է աննախադեպ մասշտաբով համաճարակի նոր ալիքի պատճառ դառնալ՝ ահազանգում են գիտնականները՝ հաշվի առնելով վիրուսի նոր տեսակի տարածման արագությունը․ այն տարածվում է 50-70 տոկոսով ավելի արագ։
«Այս պահի դրությամբ նոր շտամի հետ կապված դեռևս չկա որևէ տվյալ, որ էդ շտամով վարակվածներն ավելի ծանր են տանում, կամ մահերի թիվն ավելի բարձր է։ Իսկ ինչ վերաբերվում է՝ այս շտամով հիվանդացածը, էն շտամով կհիվանդանա՞, թե՞՝ ոչ, դա մոտավորապես գալիս է կրկնավարակի հարցին է միանում, նման տվյալներ դեռևս չկան և որևէ կարծիք դեռևս չկա, դեռևս ժամանակ չի անցել և դեպքեր էլ չկան առայժմ նկարագրված աշխարհում», - ասաց Բակունցը։
Աշխարհի ավելի քան 40 երկրում արդեն հայտնաբերված նոր տեսակը նաև հարևան երկրներ է հասել՝ Իրան, Վրաստան։ Առաջին դեպքը գրանցվել է նաև Ռուսաստանում։ Հայաստան հասե՞լ է, թե՞ ոչ, հարցը հստակ պատասխան դեռ չունի։ Կորոնավիրուսը, անկախ տեսակից, հայտնաբերվում է նույն PCR թեստերի միջոցով, իսկ վիրուսի շտամը որոշելու համար ավելի մանրամասն հետազոտություն է պետք, որի հնարավորությունը Հայաստանը դեռ չունի, բայց կունենա՝ վստահեցնում է Նունե Բակունցը։
«Բոլոր շտամները PCR հետազոտությունը հստակ հայտնաբերում է վիրուսը առկա՞ է, թե՞՝ ոչ, իսկ թե ո՞ր շտամն է առկա, դա նուրբ գործընթաց է, էս պահին կոնկրետ ժամկետ կդժվարանամ ասել, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են, անում ենք հնարավորը հնարավորինս շուտ էդ հետազոտությունը մեր երկրում ներդնելու համար», - ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը։
Վիրուսի բոլոր շտամների դեպքում կանխարգելիչ միջոցառումները, բուժումն ու նույնիսկ պատվաստանյութը՝ նույնն է, պնդում են հայաստանցի մասնագետները։
Կորոնոավիրուսը դեռ հաղթահարված չէ ո՛չ աշխարհում, ո՛չ Հայաստանում, չկա վիրուսը բուժող դեղամիջոց և ամեն պահի սպառնում է համաճարակի նոր ալիքի վտանգը։