Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի ամենաուշը փետրվարի առաջին կեսին


Հայաստանում կորոնավիրուսայինն հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն է, դեպքերի թիվն էլ նվազում է, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ նշելով՝ տոներից հետո դեպքերի աշխուժացում այնուամենայնիվ կանխատեսում են։

«Եթե համեմատենք վարակի վերարտադրման ցուցանիշները՝ նախորդ 14 օրվա ցուցանիշները՝ 0,84, դրա նախորդող ևս 14 օրվա ցուցանիշի հետ՝ 1,43, ապա ակնհայտ է, որ մենք ունենք նվազում», - ասաց Սահակյանը՝ շարունակելով․ - «Չպետք է մոռանանք, որ ամանորյա տոներին շփումները մեծ են և կանխատեսվում է, որ առաջիկայում մի փոքր աշխուժացում կունենանք, այդ միտումն արդեն իսկ մենք տեսնում ենք։ Դպրոցների բացումից հետո ևս աշխուժացում որոշակի կունենանք»։

Նշենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 355-ով՝ հասնելով 162 հազար 643-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 941 է, ևս 707 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 393 մարդ։

Անդրադառնալով Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերմանը՝ Սահակյանը նշեց, որ Հայաստանը բանակցություններ էվարում մի քանի ուղղություններով և պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է ունենալ հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին․ - «Նախատեսում ենք բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ միայն ռիսկի խմբի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար: Արդեն ունենք առաջարկներ։ Այս պահին բանակցությունները վարում ենք ներկրման, ներբերման հստակ ժամանակահատվածի շուրջ։ Մինչև հունվարի վերջ, փետրվարի առաջին կեսերը, վստահ ենք, կունենաք երկրում և կսկսենք ռիսկի խմբի շրջանում պատվաստումներն իրականացնել»:

Սահակյանը նշեց, որ բանակցություններ են վարում այն պատվաստանյութերը ձեռք բերելու համար, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝ «Սպուտնիկ», Pfizer-BioNTech, «Մոդերնա», AstraZeneca:

«Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք, պարզ չէ։ Նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում», - ասաց Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG