Դատարանը թույլատրել է Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-ից մինչև փետրվարի 8-ը ներառյալ մեկնել Հայաստանի Հանրապետությունից, այսօր Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստի ժամանակ ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ նշելով, որ ոստիկանությունից են տեղեկությունը ստացել։
Բաղդասարյանն ասաց, որ գրությամբ դատարանը խնդրել է ոստիկանությանը Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները նշված ժամանակահատվածում վերացնել, այնուհետև կրկին կիրառել։
Դատախազը պարզաբանում պահանջեց՝ ինչի՞ հիման վրա է թույլատրվում Քոչարյանին մեկնել Հայաստանից։
«Մենք նախորդ նիստերից մեկում այս հարցը բարձրացրել ենք և դատարանից որևէ պարզաբանում չենք ստացել։ Մեզ հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի՞ հիման վրա է թույլատրվում մեկնել Հայաստանից, ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞վ է որոշվում մեկնելու և վերադառնալու ժամանակահատվածը՝ դատարանի կողմից թույլատրված։ Վստահ եմ, որ մենք պետք է դրան տեղեկացված լինենք, քանի որ ամբաստանյալի՝ դատական նիստերին մասնակցությունը և դրա հետ կապված բոլոր ռիսկերը, շոշափում են մեր կողմից իրականացվող մեղադրանքի պաշտպանության սահմանադրական գործառույթը, հետևաբար մենք հավասարապես պետք է հնարավորություն ունենանք տեղեկացված լինելու այդօրինակ գրությունների պատճառների մասին, մասնակցելու դրանց քննարկմանը, հայտնելու դիրքորոշումներ, առարկելու կամ համաձայնելու», - ասաց մեղադրող դատախազը։
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն էլ պատասխանեց․ - «Եթե գտնում եք, որ դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման, այդ հնարավորությունից զրկված չեք»։
Նշենք, որ դատարանն արդեն մեկ անգամ թույլատրել է Քոչարյանին մեկնել Հայաստանից․ 2020-ի հոկտեմբերի վերջին Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկություն էին հայտնել մեկնել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, դատարանն էլ Քոչարյանին էր վերադարձրել իր անձնագիրը։ Սակայն մի քանի օր անց երկրորդ նախագահի գրասենյակը հայտնեց, որ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով, հետևաբար չի կարող մեկնել Մոսկվա։
Երկրորդ նախագահը, այդուհանդերձ, մասնավոր այցով Մոսկվա մեկնեց դեկտեմբերի կեսերին։