Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի ՄԻՊ-ի, 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021-ի հունվարի 28-ն արձանագրվել է Ադրբեջանի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք


ԱԻՊԾ աշխատակիցները որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացնում, 31-ը դեկտեմբերի, 2020թ․
ԱԻՊԾ աշխատակիցները որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացնում, 31-ը դեկտեմբերի, 2020թ․

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ, հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ նշելով՝ թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցը և ներառել նաև 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը:

Հաղորդագրությունում նշվում է, որ արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր:

«Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով: Զեկույցում ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություն պահանջող տեղեկություններ, որոնց հետազոտության արդյունքները կներառվեն Զեկույցի հետագա թարմացումներում», - հայտնում է ՄԻՊ-ը։

Ըստ հաղորդագրության, զեկույցի թարմացման պահի դրությամբ՝ իրենք շարունակում են տիրապետել անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց մի մասը հավանաբար գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ մյուս մասը ենթադրաբար սպանվել ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այդ մասին են վկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերում քաղաքացիական անձանց դիակների հայտնաբերման պարբերական դեպքերը:

ՄԻՊ-ի այս զեկույցում ամփոփված են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ:

XS
SM
MD
LG