Մատչելիության հղումներ

Ըստ նախագահի, միակ տրամաբանական դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են 


Ճիշտ կառուցված քաղաքականության, դիվանագիտության և կառավարման դեպքում նույնիսկ բնական պաշարներից զուրկ ժողովուրդը ի վիճակի է հասնել շատ մեծ հաջողությունների,Դեպի «Չորրորդ Հանրապետություն» իր ծավալուն հոդվածում գրել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Խոսելով բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին նախագահը նշել է, որ առայսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված և չլուծված խոր արմատական խնդիրների հետևանքն են։

«․․․1994թ. մենք ազատագրեցինք Արցախը, և ընդհուպ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ տեսլական: Գոյություն ուներ սոսկ դիվանագիտական ճանապարհով նոր պատերազմ թույլ չտալու տակտիկա, որն ի սկզբանե դատապարտված էր: Մեր հակառակորդը քսան տարի շարունակ պնդում էր, որ թույլ չի տալու Կովկասում երկրորդ հայկական պետության ստեղծում, ձեռք էր բերում ժամանակակից զենքեր, զբաղվում ակտիվ միջազգային լոբբինգով, իր ազդեցության ցանցերն էր ստեղծում ամբողջ աշխարհով հանուն մեկ նպատակի: Հանուն ինչի՞: Հարցը հռետորական է, որովհետև պատասխանը պարզից էլ պարզ է», - գրել է նախագահը՝ շարունակելով․ - «Մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք Արցախի զարգացման և ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին (Արցախի բնակչությունն ինչքան որ կար, այդքան էլ մնաց), և ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը և այլն։ Մենք թուլացանք և շարունակեցինք ապրել, կարծես այլևս որևէ մեծ մարտահրավեր կամ սպառնալիք չկար»:

Նախագհի խոսքով՝ տանուլ ենք տվել նաև տեղեկատվական պատերազմում՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին դաշտում: Տարիներ շարունակ, նախագահի խոսքով, ցանկալին մատուցվել է իրականի տեղ, սուտը՝ իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք:

«Այո, մենք այսօր տանուլ ենք տվել ռազմի դաշտում և արտաքին ճակատում, որի համար ներկա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի: Սակայն մեզ սպասում են այլ մարտահրավերներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Որպեսզի պահպանենք մեր պետականությունը և այն դնենք սկզբունքորեն նոր մակարդակի վրա, պետք է մի կողմ դնենք զգացմունքները և սկսենք բարդ, տհաճ, սակայն անհրաժեշտ աշխատանքն առաջին հերթին ինքներս մեզ վրա», - գրել է նախագահը։

Միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են

Քաղաքացիները լիակատար բարոյական իրավունք ունեն իրենց կողմից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներից, կառավարությունից և վարչապետից ժամանակային ու բովանդակության առումով կոնկրետ պատասխաններ պահանջել ճգնաժամից դուրս գալու ելքերի վերաբերյալ, գրել է Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ իր դերը և պատասխանատվությունն ունի նաև Հանրապետության նախագահը:

Նախագահի խոսքով՝ հասարակության պառակտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ուստի երկրին և ժողովրդին անհրաժեշտ է բուժում, իսկ միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը, Արմեն Սարգսյանի համոզմամբ, խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք, ինչպես նախագահն է նշել, թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից:

«Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարության գլխավոր առաքելությունը ես տեսնում եմ երեք նպատակների իրականացման մեջ․

Առաջինը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների և տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում և խնամք, ավերված տների և բնակարանների նորոգում և նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար:

Երկրորդը, պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում և կիրառում:

Երրորդը, խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում», - հայտարարել է նախագահը՝ կրկին ընդգծելով՝ պետք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պետք է կառավարեն ինստիտուտները, իշխանության ճյուղերի միջև պետք է գործի հակակշիռների և զսպումների համակարգը, բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է անառարկելիորեն հարգեն օրենքը և հետևեն դրան: Հակառակ դեպքում, նախագահի համոզմամբ, «հայտնվելու ենք պերմանենտ ճգնաժամերի մեջ»:

Նախագահի ինստիտուտը կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դեպքում

Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտն արտաքնապես խորհրդանշական կամ ձևական բնույթ ունի, գրել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով՝ սակայն ներքուստ այն կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դեպքում:

Արեմն Սարգսյանի համոզմամբ, որպես պետության գլուխ և Սահմանադրության հետևող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխոսության միջոցով կձևավորվեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը և մեխանիզմները:

«Հարց է առաջանում՝ իսկ իդեալակա՞ն է արդյոք մեր Սահմանադրությունը: Պատասխանը մեկն է՝ ո՛չ, ինչպես ցանկացած երկրի սահմանադրություն: Աշխարհում ամենուրեք վեճեր ու քննարկումներ են ծավալվում իրենց երկրների հիմնական օրենքների փոփոխման շուրջ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես իմ կարծիքն ունեմ մեր Սահմանադրության թերությունների մասին, սակայն որպես Հանրապետության նախագահ՝ ես պարտավոր եմ հետևել օրենքի տառին: Մենք կարող ենք տրվել զգացմունքներին, սակայն բոլոր քաղաքական պահանջները պետք է իրականացվեն օրենքի սահմաններում», - գրել է Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով՝ Հայաստանի «Երրորդ Հանրապետությունը» այլևս անցյալ է, «մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ, հաշվենկատ և նպատակասլաց։ Այն ազգային անհոգությունը, անկազմակերպվածությունը, անկարգապահությունը և անհետևողականությունը, այն կեղծ օրակարգերը, գաղափարները և մոտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամյակներին, պետք է նետել պատմության արխիվ»:

«Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»: 2018թ. իշխանափոխությունը կարող էր մեր պատմության նոր փուլի սկիզբ դառնալ, որի համար կային ժողովրդական համախմբման, խանդավառության և աջակցության բավարար հիմքեր, սակայն այն դարձավ նախորդ փուլի վերջը՝ առանց առաջարկելու նոր գաղափարախոսություն: Վերջին պատերազմում պարտությունը հենց այդ համակարգի պարտությունն էր, ոչ թե զինվորի, ժողովրդի և ազգի», - գրել է նախագահը՝ շարունակելով․ - «Չորրորդ Հանրապետությունը» պետք է դառնա մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային և բովանդակային հիմքը:

«Սպասվում է բարդ աշխատանք, բայց ես չեմ կասկածում վերջնական հաջողությանը: Գլխավորը, որ յուրաքանչյուրը հավատա դրան և իր կարողությունների ու հնարավորությունների չափ մասնակցի այդ օրը մոտեցնելու գործին: Մենք երկար խորհելու ժամանակ և հնարավորություն չունենք: Եկել է սառնասիրտ, արագ և արդյունավետ գործողությունների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ արդյունավետ, կարգապահ և կազմակերպված, նոր տեխնոլոգիաների և մտածողության վրա հիմնված ժամանակակից երկիր՝ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Իսկ դրան հասնելու ճանապարհների մասին կխոսենք հետագայում», - եզրափակել է Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG