Մատչելիության հղումներ

Խուզարկություն «Հարսնաքար» հյուրանոցում. Ռուբեն Հայրապետյանի փաստաբանն այն ժամանակավրեպ է համարում


Այսօր Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում տեղի է ունեցել խուզարկություն դեռ մայիսին հարուցված` Հայկ Շահնազարյանին ազատությունից ապօրինի զրկելու, խոշտանգելու և հետագայում ունեզրկելու քրգործի շրջանակում, որում որպես մեղադրյալ ներգրավված է նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին, ևս 4 անձ։

Ըստ Քննչական կոմիտեի խոսնակի՝ արտառոց ոչինչ չկա. - «Այսօր Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում խուզարկություն է կատարվել Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմմաբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի շրջանակներում: Արտառոց ոչինչ չկա, քրեական գործի շրջանակներում իրականացվել է հերթական քննչական գործողություններից մեկը»:

Շուրջ 1.5 ամիս առաջ հարուցված քրգործի համաձայն՝ Հայրապետյանը, նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը և վերջինիս մի քանի ընկերները մեղադրվում են մի շարք քրեական հոդվածներով: Ըստ Քննչական կոմիտեի` նրանք իրենց պատկանող հյուրանոցի ղեկավարին 2016 թվականին շուրջ 22 օր ապօրինի ազատազրկել են, ծեծել ու նվաստացրել, սպառնացել, մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան շուրջ 120 հազար ԱՄՆ դոլարի շուրջ ծագած վեճի պատճառով՝ պահանջելով, որ Շահնազարյանը վերադարձնի Հայրապետյանների բանկից վարկով վերցրած այդ գումարը։ Ընդ որում, ըստ քննչական մարմնի, Շահնազարյանը կատարել է իր վարկային պարտավորությունները, սակայն վարկը ձևակերպված է եղել «Հարսնաքար»-ի գործունեությունն ապահովելու համար, բայց օգտագործվել է նաև Շահնազարյանի սեփական բիզնեսի զարգացման համար։

Շուրջ 22 օր «Հարսնաքար»-ում փակված Հայկ Շահնազարյանն իր հետ տեղի ունեցածից հետո Հայրապետյաններին է տվել գումար, ոսկյա իրեր, երկու ավտոմեքեն, անգամ տատիկի առանձնատունը, ինչպես նաև նրա անունով ձևակերպվել են վարկեր։

Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը վստահեցնում է` անհետաձգելի քննչական գործողությունը՝ հետախուզումը չի կարող իրականացվել տեղի ունեցած առերևույթ դեպքից 4 տարի անց. - «Առերևույթ այդ բոլոր դեպքերը տեղի են ունեցել 2016 թվականին, 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով, որը քննվում է 4 տարի անց` առնվազն հիմա, անհետաձգելի համարվող քննչական գործողության շղարշի տակ, որ եթե այդ անհրաժեշտությունն իրականում կար, իհարկե չկար անհրաժեշտությունըը, խուզարկություն կատարվում է քրեական գործ հարուցելուց անմիջաջապես հետո` ասենք մարտի 27-ին: Հիմա եկել են խուզարկության ու առգրավում են, պատկերացնում եք, հաշվապահական փաստաթղթեր»:

Ըստ փաստաբանի` խուզարկվել են հյուրանոցի բոլոր դատարկ համարները, առգրավվել են բոլոր համակարգիչները, այդ թվում` ընդունարանի կողմից օգտագործվող. - «Սա ի՞նչ էր, փորձում էին ցույց տալ այն մարդկանց, ովքեր հանձնարարել են այս գործն իրականացնել, որ մենք աշխատանք ենք անում: Չի կարելի 4 տարի հետո և գործ հարուցելուց 4 ամիս անց գալ, խուզարկություն անել: Պարզ էր, որ այս մեթոդով` ընկերության հաշվապահական փաստաթղթերն առգրավելով, համակարգիչներն առգրավելով, ընկերությանն ուղղակի վնաս են պատճառում, այդքան բան»:

Քննչական կոմիտեի վարույթում գտնվող այս գործով դատարանը կալանավորելու որոշում է կայացրել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Հայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ, իսկ Ռաֆիկ Հայրապետյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին և գտնվում է Հայաստանում, մյուսները հետախուզվում են։ Փաստաբանի խոսքով, սակայն, ինքը Քննչական կոմիտեին հայտնել է, թե որտեղ է գտնվում Հայրապետյանը, և դա գաղտնիք չէ։ Հետարքվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայրապետյանը իրավապահներին չի ներկայանում։ «Պարոն Հայրապետյանի դեպքում ցուցում կա բժշկական տրված ինքնամեկուսացման, այդ փաստաթուղթը գտնվում է վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ»:

Ռուբեն Հայրապետյանը մեկ այլ քրգործի շրջանակում էլ ունի վկայի կարգավիճակ: Այս անգամ գործը վերաբերում է Ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած խոշոր չարաշահումներին և փաստաթղթեր կեղծելուն։

2012 թվականին Հայրապետյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը հանրային ճնշման արդյունքում, այն բանից հետո, երբ նրան պատկանող, Երևանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետևանքով սպանվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ինչի համար մեղադրվեցին Հայրապետյանի թիկնապահները։

XS
SM
MD
LG