«Հայկական կողմը գերիների ցուցակները ներկայացրել է մի քանի փուլով՝ ըստ թարմացումների, դեռևս դեկտեմբերին ռուսական կողմին և ԿԽՄԿ փոխանցվել են ամբողջական ցանկերը»։ Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի այս պարզաբանումը հնչեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից անմիջապես հետո։
Անցած տարին ամփոփող ասուլիսի ընթացքում անդրադառնալով գերիների թեմային՝ Լավրովն ասել էր, թե ի սկզբանե հայկական և ադրբեջանական կողմերը պետք է ներկայացնեին անհետ կորածների ցուցակ, որոնց նրանք ուզում էին ազատել գերությունից։
Ադրբեջանական կողմը այդ ցուցակները, ըստ Լավրովի, ներկայացրել է, իսկ հայկական կողմը՝ ոչ միանգամից և ոչ ամբողջական․ - «Ովքեր հիշատակված էին ադրբեջանական ցուցակում բոլորը՝ ոչ միանգամից, բայց վերադարձվեցին։ Այլ իրավիճակներ ադրբեջանական կողմից` կապված գերիների, անհետ կորածների հետ, չի առաջացել: Հայկական կողմից ցուցակները ներկայացվեցին ոչ ամբողջական և ոչ միանգամից, և արդյունքում փոխանակվեցին ռազմական գործողություններին մասնակցած անձինք»։
ՌԴ արտգործնախարարի հայտարարությունից հետո իշխանության հասցեին քննադատությունը չուշացավ։ Հայաստանի արտգործնախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք գերիների վերադարձի հարցը հայկական կողմի ոչ պատշաճ գործողությունների, անհետ կորածների ու գերիների ուշացրած ցուցակի պատճառով երբևէ ձգձգվել կամ տուժել է։ Այդպիսի ենթատեքստ իշխանության ընդդիմախոսներն էին տեսնում։ Արտգործնախարարությունից հղում արեցին Ավինյանի գրասենյակի հայտարարությանը՝ առանց հավելյալ պարզաբանումների։
Իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը դժվարացավ ենթադրել, թե Լավրովի հայտարարությունը ինչ ժամանակաշրջանի էր վերաբերում։ Պատգամավորը պնդեց, որ դեկտեմբեր ամսին ցուցակներ ներկայացվել են։ Պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 54 գերի, վերջին անգամ՝ դեկտեմբերի վերջին։ Հայկական կողմը, սակայն, մոտ 4 անգամ ավելի շատ գերեվարվածների մասին է խոսում։
«Ես չգիտեմ, թե Լավրովի հայտարարությունը դիցուք վերաբերում էր հունվարի 11-ի՞ հանդիպմանը, թե՞ ավելի վաղ շրջանին։ Բայց միանշանակ կարող եմ ասել, որ ավելի վաղ կամ ավելի ուշ ներկայացվող խնդիր է, որովհետև մենք հստակություն ունենք մտցնելու, թե անհետ կորածներից որ թիվն է իրապես գերեվարված։ Այսինքն՝ սա շատ օրգանիկ գործընթաց էր, որը չէր կարող մեկ օրում հստակեցվել մեր կողմից», - ասաց Բաղդասարյանը։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը Լավրովի հայտարարություններին է հավատում և ոչ Հայաստանի իշխանության պնդումներին. - «Հիշենք, պատերազմի 44 օրը՝ «հաղթելու ենք, հաղթելու ենք, չհավատաք», երբ որ Շուշին արդեն ընկել էր, գրում էին՝ Շուշին մեր վերահսկողության տակ է, սուտ է և այլն, և այլն։ Ցավոք սրտի, մենք ունենք վատ նախադեպ, որ այս իշխանությունը ամենաստախոս, դեմագոգ և պոպուլիստ իշխանությունն է։ Ավելին, Լավրովը մի շատ վտանգավոր և կարևոր նախադասություն ևս ասեց՝ ես կողմ եմ և շարունակում եմ պնդել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, բայց ես չգիտեմ հայկական կողմում այլևս ադրբեջանցի գերիներ կա՞ն, թե՞ ոչ»։
Հայաստանում ու Ադրբեջանում գտնվող գերիների թվեր հայաստանցի պաշտոնյաները չեն բացահայտում։ Իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել նաև հարցին, թե արդյոք հայկական կողմում ադրբեջանցի գերիներ կան, Լավրովի հայտարարությունից ենթադրվում է, որ չկան։
Հենց շիրակցի Բաղդասարյանն էր դեկտեմբերի 20-ին հանդիպել Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին Խծաբերդից գերեվարված 60-ից ավելի զինծառայողների հարցով։ Այդ հանդիպումից ուղիղ մեկ ամիս անց Բաղդասարյանն ասում է՝ ո՛չ նրանց, ո՛չ էլ մյուսների վերադարձի ժամկետները հստակ չեն։ Լուրեր կան, որ պատերազմից հետո գերեվարված զինվորներին Ադրբեջանում մեղադրանքներ են առաջադրվել։
«Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, մասնավորապես 8-րդ կետը որևէ ժամկետ չի ներառում, թե այդ գերեվարված անձինք երբ են գերեվարվել և որ հատվածի անձանց է վերաբերում։ Սա նշանակում է, որ գերեվարված անձինք, պատանդները և այլ պահվող անձինք պետք է վերադարձվեն։ Խծաբերդում իրացված գործողություններն ու հայ տղաների գերեվարումը ինքնին հայտարարության կետերի խախտում է։ Ես սա փաստում եմ հայկական կողմից։», - նշեց Բաղդասարյանը։
Նաիրա Զոհրաբյանի տեղեկություններով, հայկական կողմում այլևս ադրբեջանցի գերիներ՝ թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ զինվորականներ, չկան։ Զոհրաբյանը կարծում է, որ գերիների վերադարձի հարցը մտել է փակուղի, իսկ իշխանությունը ի վիճակի չէ զբաղվել այդ հարցով․ - «Լավագույն հնարավորությունը կորսվեց հունվարի 11-ին, երբ որ Նիկոլը կարող էր դնել հստակ նախապայման։ Որովհետև էդ թուղթը ստորագրելով՝ ինքը իրականացրեց էդ թուղթը ստորագրելով Ալիևի և Էրդողանի երազանքը․ Մեծ թուրանի ծրագրով տվեց Սյունիքից ճանապարհ Ադրբեջանը կապող Նախիջևանին։ Նա կարող էր, և ես վստահ եմ, որ եթե հստակ և շատ կտրուկ դրվեր նախապայման, որ կվերադարձնեք մեր ռազմագերիներին ու կստանաք այդ թուղթը, վստահ եմ, որ Ալիևը դրան կգնար։ Ինքը, ցավոք, դա չարեց։ Եվ ունակ էլ չի անելու»։
«Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանն էլ հայտարարեց՝ գերիների վերադարձի գործընթացին վնասում են քաղաքական հայտարարությունները Հայաստանում ու Արցախում, բայց հրաժարվեց կոնկրետացնել, թե ում արած և որ հայտարարությունը նկատի ունի։
«ժամկետների առումով այս պահին հստակություն չկա, բայց գործընթացները ռուսական կողմի հետ շատ ակտիվ են տարվում ամենատարբեր մակարդակներում՝ ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում, ուժային կառույցների մակարդակում, և ուզում եմ հավատացնել, որ գործադրվում են մաքսիմալ ջանքեր ոչ միայն 62 գերեվարվածների վերադարձի, այլ մեր մյուս գերիների վերադարձը օր շուտ կազմակերպելու համար», - հավաստիացրեց նա։