Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի նախաձեռնած քրեական հետապնդումը


Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

«Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

ԱԳ նախարարությունը շեշտում է, որ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում:

«Հարկ է նշել, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով», - հայտարարում է Արտգործնախարարությունը` հավելելով, որ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է պաշտոնական Երևանին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների «ոտնահարման և տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերի համար»։ Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարն այս մասին գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։ Բայրամովի նամակի զգալի մասը նվիրված է հրադադարից հետո գերեվարված 62 հայ զինծառայողներին, որոնք ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` ծնունդով Շիրակի մարզից են, և «Ադրբեջանի տարածքում են տեղակայվել դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG