Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, «Ազատությանը» փոխանցեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Վերմիշյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը։ «Իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ներկայումս լրատվական դաշտում հրապարակված դեպքերի շարադրանքը, ըստ էության, իր հետ որևէ աղերս չունի», - նշեց փաստաբանը։
Ըստ ԱԱԾ-ի՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:
ԱԱԾ-ն հաղորդում է, որ Վերմիշյանն իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել այդ ընկերության հետ՝ միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:
«Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։ Կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը», - փոխանցել էր ԱԱԾ-ն։
Մինչդեռ Վերմիշյանի փաստաբանն ասում է. - «Ես տվյալ հայտնածս տեղեկատվությունից այլ բան ներկա պահին չեմ կարող մանրամասնել, բայց միանշանակ՝ տեղեկատվությունը որևէ ներկա պահին աղերս չունի սույն գործի հետ կապված, իսկ պարոն Վահագն Վերմիշյանը իր մեղքը չի ընդունում տվյալ հարցի հետ կապված»։
Փաստաբանն այլ մանրամասներ չհաղորդեց, նշելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։
Ըստ ԱԱԾ-ի՝ այս գործի շրջանակներում անցած շաբաթ ևս երկու անձ էր ձերբակալվել, նրանցից մեկը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է, ում նկատմամբ գրավ է կիրառվել: Մյուսի անունը չի հաղորդվում: