Մատչելիության հղումներ

Փաստաբանը հայտնում է՝ Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, «Ազատությանը» փոխանցեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Վերմիշյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը։ «Իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ներկայումս լրատվական դաշտում հրապարակված դեպքերի շարադրանքը, ըստ էության, իր հետ որևէ աղերս չունի», - նշեց փաստաբանը։​

Ըստ ԱԱԾ-ի՝ մոտ մեկ տարի Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարած Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

ԱԱԾ-ն հաղորդում է, որ նա իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին և անհատներին գործարքներ կատարել այդ ընկերության հետ՝ միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 5000 դոլար գումար և շուրջ 2.300.000 դրամի շինանյութ։ Կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը, փոխանցել էր ԱԱԾ-ն։

Մինչդեռ Վերմիշյանի փաստաբանն ասում է. «Ես տվյալ հայտնածս տեղեկատվությունից այլ բան ներկա պահին չեմ կարող մանրամասնել, բայց միանշանակ՝ տեղեկատվությունը որևէ ներկա պահին աղերս չունի սույն գործի հետ կապված, իսկ պարոն Վահագն Վերմիշյանը իր մեղքը չի ընդունում տվյալ հարցի հետ կապված»։

Փաստաբանն այլ մանրամասներ չհաղորդեց, նշելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։

Ըստ ԱԱԾ-ի՝ այս գործի շրջանակներում անցած շաբաթ ևս երկու անձ էր ձերբակալվել, նրանցից մեկը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է, ում նկատմամբ գրավ է կիրառվել: Նրան առանձնապես խոշոր չափի կաշառք տալու մեղադրանք է առաջադրվել: Մյուսի անունը, ինչպես նաև մեղադրանքը չի հաղորդվում:

Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ այս պահին Վերմիշյանի պաշտոնավարումը դեռ կասեցված չէ։

Վերմիշյանի ղեկավարած ոլորտում առկա խնդիրների մասին հրաժարական ներկայացնելիս խոսել էր Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ հայտարարելով, թե չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության ոլորտում: «Ես՝ որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», - գրել էր Պետրոսյանը։ Այժմ նա հրաժարվում է հավելյալ մեկնաբանություններից:

55-ամյա Վերմիշյանի պաշտոնավարումը անաղմուկ չէր անցել նաև Ռուսաստանում, որտեղ նա 2014-2017 թվականներին Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետն էր: Ըստ Media.am-ի հետաքննության՝ ստիպված էր հրաժարական տալ՝ պատմական սալիկահատակի ապամոնտաժման իր ծրագրի դեմ սկսված բողոքի ակցիաներից հետո:

Վերմիշյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որին վերագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործություն: Մյուս երկուսն առողջապահության և կրթության նախկին փոխնախարարներն են, նրանք երկուսն էլ արդեն մեղադրյալի կարգավիճակում են:

XS
SM
MD
LG