Մատչելիության հղումներ

Ռուսական մամուլը և փորձագետները՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ եռակողմ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 11-ը հունվարի, 2021թ.
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ եռակողմ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 11-ը հունվարի, 2021թ.

Ռուսական մամուլն ու փորձագետները ամփոփում են երեկվա եռակողմ հանդիպումը Կրեմլում և որոշ մանրամասներ հայտնում։

“Коммерсантъ”-ը, մասնավորապես, հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարին, գրում է, որ հանդիպումից առաջ Մոսկվան Բաքու և Երևան է ուղարկել բժիշկների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուսի վարակը բացառելու համար։ Բանն այն է, որ Մոսկվայում բոլորը գիտեն, որ Վլադիմիր Պուտինն արդեն տևական ժամանակ է ապրում և աշխատում է ինքնամեկուսացման ռեժիմով․ նրա հանդիպումների մեծ մասը հեռավար են, իսկ ոչ հեռավար հանդիպումներն անցնում են միայն այն դեպքում, երբ Պուտինի շրջապատը վստահ է լինում, որ կորոնավիրուսի վարակի վտանգ Ռուսաստանի նախագահի համար չկա։

Ռուսական մամուլը մեծամասամբ նաև գրել է, որ մինչև հունվարի 11-ը հայտնի չէր՝ կգա արդյոք Փաշինյանը Մոսկվա, թե ոչ, քանի որ հայաստանցի ընդիմադիրները որոշել էին խոչընդոտել նրա այցը։ «Վստահություն, որ Հայաստանի վարչապետը կգա Մոսկվա, չկար, սակայն առավոտյան 11-ին նա արդեն Մոսկվայում էր», - գրում է “Коммерсантъ”-ը՝ նկատելով, որ Ալիևն առաջինը բարևեց Փաշինյանին, նրանք, սակայն, միմյանց ձեռք չսեղմեցին, ինչը տրամաբանական էր ստեղծված իրավիճակում։

Ի դեպ, Մոսկվան գոնե արարողակարգի առումով ամբողջությամբ պահպանեց հավասարակշռությունը՝ Ալիևին և Փաշինյանին «Վնուկովո-3» օդանավակայանում դիմավորեց նույն մարդը՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Ռուսաստանի նախագահն էլ Ալիևին ու Փաշինյանին նույն ձևով բարևեց, երկուսի հետ էլ երկկողմ առանձին հանդիպում անցկացրեց եռակողմ բանակցություններից հետո։

Այդուամենայնիվ, գոնե ռուսաստանցի լրագրողների գնահատմամբ, Փաշինյանը երեկվա բանակցություններում պակաս վստահ տեսք ուներ, ինչը տրամաբանական էր։ Փաշինյանն ի սկզբանե հրաժարվում էր մասնակցել համատեղ մամուլի ասուլիսին, սակայն նրան համոզել են, գրում է “Коммерсантъ”-ի մեկնաբանը՝ շեշտելով, որ Փաշինյանին նորից համոզել են ամեն ինչում։ Մոսկվա մեկնելուց առաջ իր այցը արդարացնելու համար Հայաստանի վարչապետն ասում էր, թե գնում է Մոսկվա հայ գերիների հարցը կարգավորելու, սակայն իրականում նա Մոսկվա էր եկել, քանի որ չէր կարող մերժել Պուտինին, գրում է “Коммерсантъ”-ի մեկնաբան Անդրեյ Կոլեսնիկովը։ Երեկվա բանակցություններին գերիների վերադարձի հարցը հնարավոր չեղավ կարգավորել, ինչի մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը համատեղ ասուլիսին։

Ռուսաստանցի փորձագետ Արկադի Դուբնովն ասում է․ - «Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին՝ հավանաբար Երևանի համար շատ զգայուն այդ հարցը օգտագործելով Երևանի և որոշ առումով նաև Մոսկվայի վրա ճնշման համար»։

Ի դեպ, Ադրբեջանում մնացած հայ գերիների մասին ընդհանրապես Մոսկվայում գրեթե չեն խոսում, չեն խոսում նույնիսկ փորձագիտական հարթակներում։

Այն, որ երեկվա բանակցությունները Մոսկվան էր նախաձեռնել և առաջին հերթին Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար, նշում են բոլոր ռուսական աղբյուրներն ու փորձագետները։ Թե՛ մամուլը, թե՛ փորձագետները երկու հիմնական հարց են առանձնացնում այս համատեքստում՝ ռուս խաղաղապահների և Հայաստանը Ռուսաստանի հետ կապող տրանսպորտային միջանցքի հարցերը։

Խաղաղապահների հարցը դեռ վերջնականապես լուծված չէ, համենայն դեպս այնպես, ինչպես Մոսկվան դա կուզեր տեսնել։ Կրեմլից անկախ փորձագետ Արկադի Դուբնովը, մասնավորապես, նկատում է, որ եթե Երևանի հետ Մոսկվան պայմանավորվել է խաղաղապահների շուրջ, ապա Ադրբեջանի հետ հարցը վերջնականապես կարգավորված չէ։ «Ինչքան ես գիտեմ, ռուս խաղաղապահների մասով Ռուսաստանը փաստաթուղթ արդեն ստորագրել է Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանի հետ՝ դեռ ոչ, և փաստաթուղթը դեռ չի ստորագրվել Ադրբեջանի պատճառով», - “Дождь” հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դուբնովը։

Երկրորդ հարցը, որ առանձնացնում են ռուսաստանցի փորձագետները, Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապի ստեղծումն է։ Մոսկվան այս միջանցքը կապում է Ադրբեջանի և Թուրքիայի համար չափազանց կարևոր Նախիջևանի միջանցքի հետ, և սա այնքան էլ դուր չի գալիս Բաքվին։ «Բայց Ռուսաստանի գլխավոր շահը Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է (ցանկալի է նաև արտատարածքային) Վրաստանի միջոցով և Ռուսաստանի կողմից անկախ պետություն ճանաչված Աբխազիայի տարածքով։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ Վլադիմիր Պուտինը բանակցություններին խոսեց «տարածաշրջանի», այլ ոչ թե կոնկրետ երկրների մասին», - գրում է “Росбалт”-ը։

Ռուսական աղբյուրները նաև նկատում են՝ բանակցություններին հետևած համատեղ ասուլիսին Փաշինյանը շեշտեց, որ ղարաբաղյան հարցը կարգավորված չէ, քանի որ կարգավորված չէ Ղարաբաղի կարգավիճակը։ Այս հարցում, նկատում են ռուսաստանցի փորձագետները, Մոսկվայի և Երևանի շահերը համընկնում են, քանի որ եթե Մոսկվան ընդունի այն, ինչ պնդում է Բաքուն՝ որ ղարաբաղյան խնդիր այլևս գոյություն չունի և այն պատմություն է, ռուս խաղաղապահների Ղարաբաղում գտնվելը դառնում է անիմաստ։

Եվ, իհարկե, ռուսական մամուլի համար աննկատ չի անցել, որ երեկվա բանակցություններին չի խոսվել ընդհանրապես Թուրքիայի մասին։ Սրանով, գրում է ռուսական մամուլը, Մոսկվան ցույց է տալիս, որ մնում է թիվ մեկ խաղացողը տարածաշրջանում։

Դե իսկ ադրբեջանական մամուլը երեկվա բանակցությունները ներկայացնում է որպես Ալիևի մեծ հաղթանակ և Փաշինյանի պարտություն, ընդ որում բանակցություններից րոպեներ անց արդեն Բաքուն գործի էր դրել ռուսաստանցի՝ Բաքվից սնվող բոլոր փորձագետներին և պատգամավորներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG