Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Առանձնազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահը մասնավորապես ասել է. - «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք այցելել Մոսկվա: Չնայած այն խնդիրներին, որոնք Դուք նշեցիք, որոնք դեռևս մնում են չլուծված, հույս ունեմ՝ կհաջողվի պայմանավորվել բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում՝ հումանիտար բնույթի: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար էր նրանով, որ մենք կարողացանք կողմնորոշվել տարածաշրջանի ապագայի և տարածաշրջանում հարաբերությունների կառուցման շուրջ, իհարկե առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Պուտինն ընդգծել է, որ «մեր հարաբերություններն անկասկած եղել և շարունակում են մնալ դաշնակցային, մենք հանդիսանում ենք մտերիմ գործընկերներ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում»:
«Այսօր մենք շատ ենք խոսել նաև տնտեսության մասին: Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած դժվար նախորդ տարվան` 2020-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, չնայած այդ բոլոր դժվարություններին, մենք ավելացրել ենք առևտրաշրջանառությունը գրեթե 4՝ 3,9 տոկոսով: Այս ամենը հիմք է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ մենք կհանգենք լուծումների, որոնք կլինեն օգտակար հայ ժողովրդին, հայկական պետությանը և կլինեն ի օգուտ մեր երկկողմ հարաբերություններին», - նաև ասել է Ռուսաստանի նախագահը։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանը մասնավորապես նշել է. - «Այսօր ավելի քան 4 ժամվա ընթացքում մենք բանակցություններ անցկացրեցինք եռակողմ ձևաչափով: Շատ ուրախ եմ, որ այդ բանակցությունների արդյունքում մենք ունենք որոշակի արդյունք և այն ոչ պակաս կարևոր է: Այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրված են մեր համատեղ հայտարարության մեջ, կարող են լրջորեն փոխել մեր տարածաշրջանի դիմագիծը և բարձրացնել ներդրումային ներուժն ու գրավչությունը»:
Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ «այս տնտեսական հարցերը դժվարանում են՝ չլուծված հումանիտար հարցերի ֆոնին»: «Մեզ համար, կարծում եմ նաև բոլորիս համար, ամենազգայուն և ցավոտ հարցերը հումանիտար խնդիրներն են՝ կապված ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների աճյունների փոխանակման հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ Դուք պաշտպանում եք այս դիրքորոշումը: Իհարկե, Ձեր անձնական ներդրումը խաղաղ գործընթացում միշտ եղել է շատ շոշափելի, այժմ՝ հատկապես: Ռուսաստանը եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաև անվտանգության ոլորտում: Մենք պետք է քննարկենք ոչ միայն մեր տարածաշրջանի ապագան, այլ նաև այն օրակարգը, որն ունենք երկկողմ հարաբերություններում», - հայտարարել է Փաշինյանը։
Քննարկվել են Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներին ու նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի լիարժեք իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ իրականացմանը, հրադադարի վերահսկման գործում համագործակցությանը, տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Լեռնային Ղարաբաղում միջգերատեսչական հումանիտար կենտրոն ստեղծելու համար, որի առաջնահերթ նպատակն է տեղում բնականոն կյանքի վերականգնումը: Հայաստանի կառավարության ղեկավարը ողջունել է Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու համար միջազգային մարդասիրական կազմակերպություններին ներգրավելու ուղղությամբ Ռուսաստանի ջանքերը:
Փաշինյանը և Պուտինը քննարկել են նաև հայ-ռուսական միջպետական հարաբերություններին, մասնավորապես, տնտեսության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Երկուշաբթի օրը ավելի վաղ Կրեմլում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Նրանք նոր հայտարարություն են ստորագրել, որը վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին: