Մատչելիության հղումներ

Ըստ Մարուքյանի, մոսկովյան երեկվա քննարկումը ծավալվել է «բացառապես թշնամու օրակարգի շուրջ»


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ մոսկովյան երեկվա քննարկումը ծավալվել է «բացառապես թշնամու օրակարգի շուրջ»։

Ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությանը, Մարուքյանը նշել է՝ հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն, տեղի չունեցավ։

«Երեկ՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո, իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության՝ կբացվի Հայաստանն Իրանի և Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։

Մինչդեռ, հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն տեղի չունեցավ։ Այսինքն՝ հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միա՛յն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ մեզ համար արդեն ամիսներ չլուծվող ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է առկախված։ Էդ ինչի՞ վրա եք հրճվում ․․․» , - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։

Երեկ Փաշինյան-Պուտին-Ալիև շուրջ 4 ժամ տևած հանդիպուման արդյունքում կողմերը նոր հայտատարություն ստորագրեցին։ 4 կետից բաղկացած հայտարարության տեքստը վերաբերում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտատարության 9-րդ կետի կատարմանը, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG