Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է 1000 դրամները բարձրացնել 1500-ից մինչև 15 հազար դրամ ըստ աշխատավարձի չափի


Կառավարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները բարձրացնել 1500 դրամից մինչև 15 հազար դրամ ըստ աշխատավարձի չափի։

«Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում 1500 դրամ է, 100 հազարից մինչև 200 հազար՝ 3000 դրամ, և այդպես սանդղակով հասնում ենք մինչև 15 հազար դրամ վճարումների, ում եկամուտը օրինակ 1 միլիոնը գերազանցում է», - ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նոր առաջարկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թվի կտրուկ ավելացմամբ է պայմանավորված։ Դեռ անցած ամիս Կառավարությունն առաջարկում էր բոլոր աշխատող քաղաքացիներից, անկախ նրանց աշխատավարձի չափից, 1000 դրամի փոխարեն 3000 դրամ գանձել։ Ինչո՞ւ մտափոխվեց գործադիրը, նիստի ընթացքում չպարզաբանվեց։

Արդարադատության նախարարը միայն ասաց՝ ներկայումս գանձվող 1000 դրամներով հնարավոր չէ ամբողջ ծավալով հատուցել հիմնադրամի շահառուներին։ Նոր փոփոխությամբ առաջարկվում է նաև մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին անհետ կորած համարելու ժամկետը 1 տարուց դարձնել 3 ամիս. «Մյուս փոփոխությունը, որ անում ենք, գործող կարգավորումներով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է 6 ամիս անցնի, որպեսզի փոխհատուցմը տրամադրվի, մենք այդ 6 ամիս ժամկետն էլ ենք կրճատում, այսինքն` եթե դիտարկենք սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունները, միանշանակ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելու պահին այդ 3 ամիսն անցած կլինի»:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ավելի վաղ «Ազատության» եթերում հայտարարել էր, որ ինքը կողմնակից է քաղաքացիներից 3000 դրամ գանձելուն։ Ավետիքյանը կարծում է, որ ըստ աշխատավարձի չափի գումարը գանձելու դեպքում արդարության խնդիր է առաջանալու, քանի որ աշխատող քաղաքացիների գրեթե մեծ մասը թերի է հայտարարագրում իր եկամուտները. «Կա շուրջ 60 հազար քաղաքացի, որոնք հայտարարագրում են այն, ինչ որ ստանում են, այսինքն` չեն թաքցնում իրենց իրական եկամուտները, այսինքն` աշխատող գրանցված բնակչության 10 տոկոսը ընդամենը: Հիմա մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք` դուք պետք է պատժվեք, որովհետև դուք ազնիվ եք և ճիշտ եք ցույց տալիս ձեր եկամուտները ու շատ վճարեք»:

Կառավարության առաջարկած փոփոխություններն Ազգային ժողովն առաջիկա արտահերթ նիստում է քննարկվելու։ Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն ավելի վաղ հենց ըստ աշխատավարձի չափի էին առաջարկում գանձումն իրականացնել։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է փոխհատուցում տրամադրել պատերազմի հետևանքով շահառու դարձած քաղաքացիներին, հիմնադրամից հայտնում են` մինչ այս պահը որոշում է կայացվել փոխհատուցում տրամադրել 583 տուժողի, բայց շահառուների թիվը հասնում է մի քանի հազարի, առայժմ նրանց թիվը վերջնականապես հստակեցված չէ։ Հատուցումը տրամադրվում է յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին և կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG