Այլընտրանք չկա, հիմնադրամին հունվարից փոխանցվող 1000 դրամները պետք է դառնան 3000 դրամ, «Ազատությանն» ասաց զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը` հավելելով, որ միայն այդ դեպքում հնարավոր է հիմանդրամի 23 մլրդ դրամ դեֆիցտը փակել, որպեսզի հիմնադրամը կարողանա փոխահատուցում տրամադրել իրենց շահառուներին, որոնց թիվը նույնպես դեռ հստակ չէ։ Ըստ Ավետիքյանի, սա նախնական հաշվարկների հիման վրա կազմված թիվ է։
Հիմնադրամը փոխհատուցումներ է տրամադրում պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Փոխհատուցումները տրամադրվում են միանգամյա և երկարաժամկետ կտրվածքով՝ 20 տարի ժամկետով։
«Անհայտ կորածների մասով արդեն որոշումը կայացվել է․ 6 ամիս ժամկետով տրվում է ամսական 300 հազար դրամ՝ կառավարությունը մեզ դա հատուցում է, որ մենք կարողանանք 6 ամիս շարունակ ամսական 300 հազարական դրամներ տալ, իսկ ինչ վերաբերում է հաշմանդամներին, կամ վիրավորներին, մենք չունենք այլ տարբերակ այդ մարդկանց սոցիալական խնդիրները երկարաժամկետում չլուծելու», - ասաց Ավետիքյանը։
Պաշտպանության նախարարությունը վիրավորների հստակ թիվ չի հայտնում, բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս տարվա սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի ու Արցախի 1642 շահառու բնակիչ ստացել է 3 հազար211 աջակցող միջոց՝ սայլակ, քայլակ, լսողական սարք, հենակ և այլն։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներով՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընթացած պատերազմի հետևանքով, հայկական կողմն ունի շուրջ 2 հազար 900 զոհ, 1600 անհետ կորած, իսկ հաշմանդամություն ունեցողների թիվը կարող է տատանվել 2 հազարից 3 հազարի սահմանում։
Մինչ այս պատերազմը, հիմնադրամն արդեն 416 շահառու ուներ։ Այս պահին փոխհատուցում են տրամադրել միայն 375 զինծառայողի կամ զինծառայողի ընտանիքի, որոնք շահառու են դարձել այս նոր պատերազմի հետևանքով։
«Անհայտ կորածներինը 10 միլիոն դրամ է, այնուհետև 200-ից 300 հազար դրամ ամսական, ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցողներին, ապա առաջին կարգի հաշմանդամները ստանում են 10 միլիոն դրամ կրկին՝ միանվագ, այնուհետև 200-ից 300 հազար դրամ ամսական։ Երկրորդ կարգի հաշմանդամները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, այնուհետև 100-ից 200 հազար դրամ», - ասաց Ավետիքյանը։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը հույս ունի, որ Կառավարությունը հավանություն կտա 1000 դրամները 3000 դարձնելու նախագծին, իսկ ԱԺ-ն էլ այն կհաստատի։
Օրենքն ընդունվելու դեպքում, այն ուժի մեջ կմտնի մյուս տարվա հունվարի 1-ից։