Մատչելիության հղումներ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է 475 դեպք, ևս 100-ը` այս շաբաթ


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում տեղեկացնում է, որ զինծառայողների անուններով ցուցակները, ովքեր դառնալու են հիմնադրամի շահառու, ճշտվում են, դրանք հիմնադրամ է ներկայացնում Պաշտպանության նախարարությունը: Նա մանրամասներ ներկայացրեց իրենց կողմից կազմակերպվող աջակցության «Կամուրջ» ծրագրի մասին:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Կամուրջ» ծրագրի աջակցությունը

Վարուժան Ավետիքյանի փոխանցմամբ` աջակցության երկու ծրագիր հիմնադրամը պետք է իրականացնի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Առաջինն այն վիրավոր զինծառայողների մասին է, ովքեր մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ, իսկ մինչ այդ պահը կլինի ամսական 300 հազար դրամի չափով աջակցություն, դա կտևի առավելագույնը 6 ամիս: Նրա ներկայացմամբ` եթե այդ ընթացքում զինծառայողը ձեռք է բերում առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, ապա դառնում է հիմնադրամի շահառու: Երկրորդն արդեն առնչվում է անհետ կորած զինծառայողներին, շահառու կարող են լինել անհետ կորածի կինը կամ ծնողները:

1000 դրամները`3000

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենն ասում է, որ բոլոր աջակցությունները հատկացնելու համար հիմնադրամը պետք է 23 մլրդ դրամ ստանա, 1000 դրամների պարագայում ստացել է 7.5 միլիարդ դրամ, 2020 թվականը դեռ ամփոփված չէ. «23 միլիարդ դրամ ստանալու համար 3000 դրամ գոնե յուրաքանչյուր անձի համար պետք է հավաքագրվի: Դա համահարթ մոտեցումն է, երբ բոլորի համար 3000 դրամ է: Բայց կա նաև երկրորդ մոտեցումը` սանդղակային` ըստ աշխատավարձի չափի: Որքան ես տեղյակ եմ, կառավարությունն ավելի կողմ է սանդղակային մոտեցմանը: Կարծում եմ` այդ տեսքով է նախագիծը գնալու Ազգային ժողով»:

Արդյոք հնարավոր չէ իրավական մեխանիզմով ավելացման այս բեռը դնել սփյուռքի վրա` հաշվի առնելով նաև, որ շատերը ունեն ՀՀ քաղաքացիություն, հետաքրքրվել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Ի պատասխան` Վարուժան Ավետիքյանն ասաց, որ կամավոր կերպով արդեն իսկ շատերը վճարում են, բացի այդ, իրենք ինտենսիվ աշխատում են, նաև, որ Միացյալ Նահանգներում ունենան քույր կազմակերպություն, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցներ են ներդրվում, որպեսզի սփյուռքից ավելի հեշտ լինի ներդրումներ անել. «Առաջարկին ես գաղափարապես համաձայն եմ: Սփյուռքով ապրող հայրենակիցները ճիշտ կլինի, որ իրենք էլ մասնակցեն, ուղղակի պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծվեն, որպեսզի նրանք էլ կարողանան մասնակցել»:

Գումարներն ամբողջությա՞մբ են վճարվում

Զոհված զինծառայողներին, առաջին կարգի հաշմանդամներին ու անհետ կորած զինծառայողների ընտանիքներին վճարվում է միանվագ 10 միլիոն դրամ, այնուհետև 200-300 դրամ ամսական, ինչ վերաբերում է երկրորդ կարգի հաշմանդամներին, ապա վճարվում է միանվագ 5 միլիոն դրամ, այնուհետև 100-200 հազար, իսկ եթե զինծառայողն ունի 3 և ավելի անչափահաս երեխա, վճարվում է 100 հազար լրավճար, հայտնեց բանախոսը:

Հարցին` արդյոք ամբողջությամբ այս գումարները վճարվում են, ասաց, որ տոկոսային հարաբերակցություն չկա, միանվագ վճարվում են. «Մենք այս պահին հատուցել ենք 475 դեպք, ՊՆ-ից ստացել ենք ևս 100-ը, որը այս շաբաթ նույնպես հատուցման որոշում կկայացնենք: Մեր պլանայինն է եղել, որ ամեն շաբաթ մենք 100 լրացուցիչ նոր դեպք կարողանանք սպասարկել: Տոկոսային հարաբերակցություն չկա, ցայսօր հատուցված բոլոր դեպքերը հատուցել ենք 10 միլիոն դրամ միանվագ և 200-300 հազար դրամ»:

Ամենախոշոր նվիրաբերությունը եղել է Նարեկ Սարգսյանից

Ամենախոշոր նվիրաբերությունը` մեկ միլիոն դոլար, մի քաղաքացուց է եղել` Նարեկ Սարգսյանից` ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդուց, ասաց Ավետիքյանը` հավելելով, որ անանուն չի եղել նվիրատվությունը, դրա համար հրապարակում է: Հարցին, թե եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արդյոք պակասել կամ ավելացել են նվիրատվությունը, նախ արձագանքեց, որ ստացել են շուրջ 6 միլիարդ նվիրատվություն աշխարհի 70 երկրներից. «Նվիրաբերությունների դրամահավաքը ամենօրյա գործընթաց է: Այսօր այստեղ գալը նաև քաջալերն է մարդկանց, որ նվիրաբերություն անեն: 12 միլիոն դոլարը 3 ամիսների ընթացքում այդ աշխատանքի արդյունքն է: Բավարար է արդյոք, իհարկե ոչ, որովհետև բացը չափազանց մեծ է: 12 միլիոն դոլարով 600 զինծառայողի միանվագ գումարները կարելի է հատկացնել»:

Ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG