Մատչելիության հղումներ

Անհետ կորած զինծառայողների ընտանիքներն ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան մինչև նրանց կարգավիճակի հստակեցումը


Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով՝ 300 հազար դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար․ Կառավարությունն այսօր հաստատեց միջոցառումը։

«Այս պահին գործող կարգավորումներով առկա է ժամանակահատված, համաձայն որի՝ պետք է այդ կարգավիճակը հստակեցվի։ Մինչև այդ կարգավիճակի հստակեցումն առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքիների», - ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Ըստ Կառավարության, գումարը կտրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները։

«Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից՝ այս պահին 500 մլն դրամի չափով։ Այնուհետև՝ հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո կատարված չափով նույնպես կփոխհատուցվի բյուջեից», - ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ըստ այդմ, որոշում է կայացվել բյուջեից գումար փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրվի՝ մինչև իրենց կարգավիճակը կհստակեցվի:

«Եթե այս պրոցեսի արդյունքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, այսինքն պիտի ստանան օրենքով սահմանված աջակցությունը, բյուջեից վճարված գումարը կհաշվանցվի: Այսինքն՝ կնվազեցվի այդ գումարից, որն ի սկզբանե պետք է ստանային: Եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում դա ուղղակի կլինի որպես աջակցություն: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում ներառվում են նաև գերեվարված անձանց ընտանիքները. այս որոշման իմաստով մենք որոշեցինք, որպեսզի նրանք նույնպես այս հնարավորությունից օգտվեն դարձյալ նույն սկզբունքներով», - ասաց վարչապետը:

Կառավարությունն այսօր հաստատեց նաև Արցախում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը: Մասնավորապես, նախատեսվում է Արցախում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին վճարել 250-հազարական դրամ, եթե նրանց հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։ Անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է միջոցառման շահառու։

Գործադիրը լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝
Հայաստանում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև Հայաստանի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Ըստ այդմ, նախատեսվում է ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում դեպքերի թվի ավելացում շուրջ 4 հազարով, որի համար կպահանջվի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ դրամ:

Վարչապետը նշեց, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա, ընդ որում՝ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ․ - «Այսինքն՝ վերականգնողական բուժման կարիք ունեցող քաղաքացին ինքն է ընտրում բուժհաստատությունը, իսկ Կառավարությունը կվճարի այդ բուժման համար»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG