Ղարաբաղում ծավալված 44-օրյա աշնանային պատերազմը լուրջ ազդեցություն թողեց Իրանի վրա թե՛ դրական և թե՛ բացասական առումներով, պնդում է Վաշինգտոնում գործող «Ջեյմսթաուն» հիմնադրամը՝ հիշեցնելով, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի խոշորագույն պետություններից միակն է, որ տասնամյակներ շարունակ անմիջականորեն հարում էր սառեցված հակամարտության գոտուն։
«Ի տարբերություն Թուրքիայի և Ռուսաստանի` Իրանը սահմանակից էր այն տարածքներին, որ գրավվել էին հայկական ուժերի կողմից։ Ադրբեջանի հետ Իրանի հյուսիսարևմտյան սահմանի ընդհանուր երկարությունը 750 կիլոմետր է, որից 138-ը բաժին էին ընկնում 1991-94 թվականներին ծավալված առաջին ղարաբաղյան պատերազմի հետևանքով հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնված Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններին», - նշում է «Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբան, իրանցի Վալի Քալեջին։
Փորձագետը, սակայն, հատուկ ընդգծում է, որ 1994 թվականից հետո անցած երկուսուկես տասնամյակների ընթացքում սահմանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնված հատվածը Թեհրանի համար լուրջ գլխացավանք չէր։ «Այդ ժամանակահատվածում հիմնական սպառնալիքները Իրաքի և Աֆղանստանի հետ պետական սահմանների հետ էին կապված», - նշում է փորձագետը՝ ընդգծելով, որ Արաքսի երկայնքով անցնող սահմանին իրավիճակը փոխվեց սեպտեմբերի 27-ին, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսվեցին ռազմական գործողությունները։ Հիշեցնելով, որ մարտական գործողությունների ընթացքում մի շարք հրթիռներ և ականներ հարվածեցին Իրանի տարածքին, «Ջեյմսթաունի» փորձագետը նշում է. «Այդ ամենի հետևանքով Իրանը հայտնվեց անորոշության մեջ՝ փորձելով չեզոք դիրք գրավել մի կոնֆլիկտում, որն ուղղակիորեն ազդում էր իր անվտանգության վրա»: Վերլուծաբանը հատուկ ուշադրություն է դարձնում ռազմական ուժերի այն կուտակման վրա, որին դիմել էր պաշտոնական Թեհրանը հայ-ադրբեջանական պատերազմի օրերին։
«Առաջին անգամ 1994 թվականից ի վեր Իրանի կանոնավոր բանակի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ստորաբաժանումները տեղակայվեցին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով պարեկություն իրականացնելու համար։ Այս քայլը վկայում էր տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն թույլ չտալու և միջազգայնորեն ճանաչված սահմանների վերաձևումը կանխելու` Թեհրանի ցանկության մասին», - գրում է Քալեջին։
Դատելով իրանցի փորձագետի խոսքից` Թեհրանում առկա հիմնական մտավախությունները վերաբերում էին 48 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանի ճակատագրին։ Այդ մտավախությունները մի պահ ավելի խորացան, մասնավորապես նոյեմբերի 10-ի հրադադարի կնքումից հետո, որի պայմաններից մեկը Սյունիքով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող տրանսպորտային միջանցքի ստեղծումն էր։
Հրադադարի հաստատումից հետո իրանական սոցիալական ցանցերում շահարկումներ ի հայտ եկան, որոնց համաձայն այդ միջանցքը կարող է վտանգել Իրանի ֆիզիկական կապը Հայաստանի հետ։ Որոշ իրանցի փորձագետներ էլ ավելի խորացրեցին այդ մտավախությունները` պնդելով, որ Զանգեզուրը դե յուրե կամ դե ֆակտո կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Այս թեժ բանավեճն ի վերջո ստիպեց իրանցի պաշտոնյաներին հանդես գալ պարզաբանումներով՝ նշելով. «Իսլամական Հանրապետության աշխարհագրական սահմանները չեն փոխվել և չեն փոխվելու նաև ապագայում», - կարդում ենք «Ջեյմսթաուն» հիմնադրամի կայքում։
Իրանի համար 44-օրյա պատերազմի բացասական հետևանքներից մեկը, ըստ վերլուծաբանի, կարող է լինել այն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված շրջանները Թեհրանի դեմ ուղղված թշնամական գործողությունների պլացդարմ դառնան։
«Իրանին մասնավորաբար մտահոգում է իր սահմանների մոտ իսրայելական հետախուզության և անվտանգության ծառայությունների ի հայտ գալու հնարավորությունը։ Երբ Ադրբեջանի հարավարևմտյան շրջանները հայկական վերահսկողության ներքո էին, Թեհրանը իր խոցելի սահմանների հարևանությամբ իսրայելական հետախուզական գործողությունների մասին կարող էր չմտահոգվել», - գրում է «Ջեյմսթաուն» հիմնադրամի փորձագետ Քալեջին։ Հոդվածագրի խոսքով, սակայն, պատերազմի ընթացքում անօդաչու թռչող սարքերի կիրառումը և մասնավորաբար իսրայելական արտադրության հարվածային դրոններից մեկի հետևանքով Իրանի տարածքում տեղի ունեցած աղետը լրջորեն մտահոգեցին թեհրանցի պաշտոնյաներին։
«Իրանցի պաշտոնատար անձինք աճող մտավախություններ ունեն, որ իսրայելական արտադրության այդ անօդաչու թռչող սարքերը կարող են հնարավորություն տալ Իսրայելին լրտեսական գործունեություն իրականացնել Իրանի տարածքում գտնվող թիրախների նկատմամբ», - գրում է վերլուծաբանը՝ նշելով նաև, որ իրանական իշխանությունների մյուս մտավախությունը վերաբերում էր այս շրջաններում սիրիացի վարձկանների ի հայտ գալուն։
«Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբանի կարծիքով, սակայն, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10 շարունակված պատերազմը Իրանի համար նաև երեք հիմնական դրական արդյունք ապահովեց։
Առաջինն, ըստ Վալի Քալեջիի, այն է, որ Իրանն այժմ սահմանակից է ոչ թե միայն դե ֆակտո պետություն հանդիսացող Արցախի Հանրապետությանը, այլ դե յուրե պետության՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանին։
Վերլուծաբանի կարծիքով` հայ-ադրբեջանական վերջին պատերազմի Թեհրանի համար մեկ այլ դրական արդյունքը այն էր, որ բուն հակամարտության գոտին տեղաշարժվել է հյուսիս։
«Եթե ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը Ղարաբաղում վերսկսվի, այն կընթանա իրանական գյուղերից ու ավաններից հեռու», - նկատում է «Ջեյմսթաունի» փորձագետը։
Եվ երրորդ կարևորագույն արդյունքը, ըստ Քալեջիի, այն է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանն ու Ադրբեջանը կարող են միասնաբար օգտագործել Ջաբրայիլի շրջանում` Արաքսի վրա գտնվող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։
«Ջրամբարը կառուցվել է 2008 թվականին Թեհրանի ֆինանսական աջակցությամբ։ Այս տարածքների հանդեպ 1993 թվականից հաստատված հայկական վերահսկողության փաստը, սակայն, հետ էր պահում Իրանին այս կառույցի շահագործման մտքից»,- գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ այժմ իրավիճակը փոխվել է։
«Իրանա-ադրբեջանական միացյալ տեխնիկական հանձնաժողովի անդամները դեկտեմբերի14-ին հանդիպել են Նախիջևանում՝ քննարկելով էլեկտրակայանի համատեղ շահագործմանը վերաբերող հարցերը», - նշված է «Ջեյմսթաուն» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում։
Ի մի բերելով 44-օրյա պատերազմի գլոբալ հետևանքները Իրանի համար` «Ջեյմսթաունի» փորձագետը համոզմունք է հայտնում. «Հարավային Կովկասի հետ իր 1100 կիլոմետրանոց սահմանի անվտանգությունն ապահովելու համար Թեհրանը այսուհետ ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն պետք է վարի»։