«Ինչո՞ւ են զոհերի մասին Ադրբեջանի հայտնած թվերը կասկած հարուցում»
Մոսկվայում լույս տեսնող Взгляд պարբերականի փոխանցմամբ, պատերազմում զոհերի մասին Ադրբեջանի հրապարակած թվերը գրեթե հավասար են հայկական կողմի հայտնած թվերին: Ընդ որում, վիրավորումներ ստացածների թիվը զոհվածների թվից երկու անգամ ավելի քիչ է:
Սակայն ռազմագիտության օրենքի համաձայն, հարձակվող կողմը պաշտպանվողի համեմատությամբ միշտ ավելի շատ է մարդ կորցնում, իսկ վիրավորների թիվը 2-3 անգամ ավելի մեծ պետք է լինի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը սպանվել է 2783 զինծառայող, ևս ավելի քան հարյուրը համարվում է անհետ կորած, հազար 245-ը բուժում է ստանում: Բուն պատերազմի օրերին Բաքուն ասում էր, թե կորուստների թիվը ռազմական գաղտնի է, և կհրապարակվի միայն մարտական գործողությունների ավարտից հետո:
Взгляд-ը նշում է, որ ոչ պաշտոնական տեղեկություններով, մարտերին մասնակցել է մոտ երկու հազար սիրիացի վարձկան, նրանցից մի քանի հարյուրը զոհվել է: Բաքուն կտրականապես հերքում է վարձկաններ օգտագործելու մեղադրանքը:
Պարբերականը վկայակոչում է երկու փորձագետներին: «Ազգային պաշտպանություն» («Национальная оборона») հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի համոզմամբ, ադրբեջանական զորքում սիրիացի վարձկաններին որպես «թնդանոթի միս» օգտագործելու թեման հայկական կողմն է հորինել: Կորոտչենկոն կասկածի տակ չի առնում կորուստների մասին Ադրբեջանի հայտնած թիվը:
«Պատերազմն ավարտվել է, թաքցնելու բան չկա, այդ թիվը շատ ցածր է, քանի որ [ադրբեջանցիները] կիրառել են գերարդիական զինատեսակներ:
Մինչդեռ «Հայրենիքի զինանոց» («Арсенал Отечества») հանդեսի խմբագիր Ալեքսեյ Լեոնկովի համոզմամբ, «Բաքվի հնչեցրած թվերի հեքիաթ են, և Ադրբեջանի բանակն այս պատերազմում, ամենայն հավանականությամբ, ունի մոտ 7 և կես հազար զոհ»:
Ընդդիմությունը վարչապետի հրաժարականն է պահանջում
Բրիտանական Guardian-նն անդրադառնում է հայաստանյան բողոքի ակցիաներին: Ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ցույցերի ընթացքում ընդդիմադիրները վանկարկում են «Նիկոլ, դավաճան» և «Նիկոլ, հեռացիր» կարգախոսները:
Ընդդիմությունը վարչապետի թեկնածու է առաջադրում վետերան քաղաքական գործիչ, նախկին վարչապետ և պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին:
«Եռակողմ հայտարարությունը շատ նման է Թեհրանի ներկայացրած առաջարկին»
MEHR իրանական լրատվական գործակալությունը վկայակոչել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայեին, ով ասել է, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իր էությամբ շատ նման է կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված փաստաթղթին, որն Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հոկտեմբերի վերջին առաջարկել էր հակամարտող կողմերին, ինչպես նաև Մոսկվային և Անկարային:
Նախկին դեսպանի փոխանցմամբ, Ղարաբաղի կարգավիճակը տակավին հայտնի չէ, և քանի դեռ այդ խնդիրը միանշանակ լուծում չունի, համաձայնության բոլոր մնացած դրույթների իրագործումը կլինի անորոշ ու ոչ միանշանակ:
Մոհսեն Փաքայեին նշում է Իրանի համար չափազանց կարևոր և սկզբունքային հանգամանքը՝ երկրի սահմանների փոփոխություն չի եղել:
Դեսպանի համոզմամբ, կարևորը խաղաղությունն է, որն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրներին:
Այն նաև տնտեսական հեռանկար է բացում, Իրանը կարող է մասնակցել Ադրբեջանի ավերված ավանների վերակառուցմանը և, բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի համար դառնալ Հյուսիս - Հարավ տարանցիք ճանապարհ դեպի Օմանի և Պարսից ծոցեր:
Ի դեպ, Նախիջևանից Ադրբեջան տանող այլընտրանքային ճանապարհ արդեն կա՝ այն անցնում է Իրանով, և պատերազմի օրերին ադրբերանցիները ստիպված էին մուտք գործել Իրանի տարածք և հասնել Նախիջևան:
«Հավանաբար, հետայսու էլ Ադրբեջանը կշարունակի օգտագործել նաև այդ ճանապարհը, և դա վերստին շահավետ է Իրանի համար», - ասել է նախկին դեսպանը:
Նրա համոզմամբ, Հայաստանը և Ադրբեջանը պարտավոր են խաղաղություն կինքել, քանի որ «ոչ պատերազմ, ոչ խաղասղություն» բանաձևը հակասում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին:
«Հաղթանակներից հետո տղաների դեմքին ուրախության արցունքներ էին»
Sports Finding լրատվական կայքի թղթակիցը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսի հետ:
Նա խոստովանել է, որ հայ-ադրբեջանական պատերազմը հոգեբանական ծանր ճնշում էր ամբողջ թիմի համար: Գրեթե բոլոր մարզիկներն ունեին ռազմաճակատում կռվող ընկերներ կամ ազգականներ: Լուրեր ստանալով պատերազմից՝ տղաներից շատերն արտասվել են:
Նրանցից շատերը խոստովանել են, որ հրադադարի համաձայնությունն իրենց կյանքում ամենատխուր օրերից էր․ հազարավոր կորուստներ և պարտություն:
Շատ դժվար էր, բայց հաղթեցին վրացիներին, դա տղաների համար պատմական հաղթանակ էր: Հետո հաղթեցին Հյուսիսային Մակեդոնիային, առաջին տեղը գրավեցին խմբում:
«Ես տղաներին ասում էի, որ հիմա պետք է առավելագույնն անել, պատմություն կերտել: Դա չափազանց մեծ նշանակություն կունենա այսքան կորուստներից հետո: Հաղթանակներից հետո մենք մարզիչներով թիմի համար հանդերձարանում կատարեցինք Հայաստանի օրհներգը, ուզում էինք ցույց տալ, որ մենք մեկ թիմ ենք։ Տղաները հուզվել էին, նրանց դեմքին ուրախության արցունքներ էին», - ասել է Կապարոսը: