Մատչելիության հղումներ

ՊՆ-ի փոխանցմամբ` ադրբեջանական կողմի հրետակոծության ընթացքում արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք


Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ, արխիվ
Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ, արխիվ

Հայկական ստորաբաժանումների ուղղությամբ ադրբեջանական կողմի հրետակոծության ընթացքում արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք, այսօր նման հայտարարություն տարածեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը` չհաղորդելով այլ մանրամասներ։

Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն էլ` ժամը 13:30-ին Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական կողմը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում նահանջել է՝ թողնելով ևս երկու դի:

Ըստ պաշտպանական գերատեսչության` նույն ուղղությամբ ժամը 13:40-ին ադրբեջանական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով ներթափանցման փորձ են ձեռնարկել: Այս դեպքում ևս, պաշտոնական տեղեկության համաձայն, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կասեցրել են առաջխաղացումը. ադրբեջանական ուժերը, կորուստներ կրելով նահանջել են ելման դիրքեր, բայց դրանից հետո էլ են շարունակել գործողությունները։

«Ժամը 14:30-ին կրկին Քարվաճառի ուղղությամբ նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի: Օպերատիվ իրադրությունը ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո», - ասված է ՊԲ-ի հաղորդագրության մեջ:

Պաշտպանության բանակն ավելի վաղ էլ հաղորդել էր, որ վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատի գծում՝ Շեխեր-Կարմիր Շուկա - Թաղավարդ բնագծում շարունակվող մարտական գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի ուժերն ու կամավորականները ադրբեջանական ուժերի համար «իսկական «դժոխք» են կազմակերպել։ Այստեղ ևս, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական կողմը մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ է կրել. «Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»:

Իսկ գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակի (ՊԲ) զորքերը պաշտպանական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում։ Արցախի ռազմական գերատեսչությունից հաղորդում են, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են ավտոմոբիլային տեխնիկա, կենդանի ուժ, ինչպես նաև 1 տանկ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` գիշերը արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, Պաշտպանության բանակի ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Եթե Արցախի բնակավայրերում գիշերն ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական հանգիստը, ապա օրվա ընթացքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը վերսկսել է գործողությունները և ռազմական ավիացիա է կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշին, հրթիռակոծել Շահումյանի շրջանը։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմն էլ հայկական կողմին է մեղադրում ճակատային ուղղություններում տեղակայված բնակավայրերը թիրախավորելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG