«Այսօր՝ ժամը 13.00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում՝ իրագործելու մեր խոնարհումի երթը դեպի Եռաբլուր: Եվ դա լինելու է նաև ապրելու երթ և ի ցույց է դնելու, որ մենք այստեղ ենք, որ մենք ապրելու ենք, ու մենք ապրեցնելու ենք», - շաբաթ օրը իր տեսաուղերձում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշելով, որ այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը, վարչապետը շեշտեց․ - «Այդ պատերազմը մեզ համար ծանր հետևանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում, և այս կապակցությամբ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված»:
«Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում՝ առանց կասկածի: Մենք ազգովի անցել ենք և անցնում ենք մղձավանջի միջով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք միասին մեր նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ ենք իրականացնելու՝ Հանրապետության Հրապարակից դեպի Եռաբլուր: Սա մի խոստում է մեր բոլոր եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի: Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս և մենք ազգովի պիտի խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին», - հայտարարեց վարչապետը:
Դեկտեմբերի 19-ից Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ի հիշատակ Ղարաբաղյան պատերազմում զոհվածների։ Այսօր նախատեսված է հիշատակի երթ Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, հիշատակի այլ միջոցառումներ։
Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի տնօրինությամբ՝ վաղը հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակվածների հոգիների խաղաղության համար։
Վարչապետի ուղերձի մանրամասները տե՛ս այստեղ