Մատչելիության հղումներ

Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի աճյուն


Որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի՝ տարեց կնոջ աճյուն։ Կնոջ ինքնությունը դեռ պարզ չէ, նրա դին հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ից մինչ այսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին, և ընդամենը երկու ողջ մարդ՝ մեկը հայ, մյուսը ադրբեջանցի։

«Այսօր էլ ջոկատները շարունակել են աշխատանքները հարավային ուղղությամբ ավելացել է Ներքին Ճարտար բնակավայրը, և [աշխատանքները] շարունակվում են Ֆիզուլու, Ջաբրայիլի, Հադրութի և Իշխանաձորի հատվածներում», - ասաց Թադևոսյանը:

Առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով, նույնականացվել է ավելի քան 300 մարմին։ Նույնականացման գործընթացը դանդաղում է, քանի որ մինչ այս պահը աշխատում է ընդամենը մեկ սարք։ ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար նախարարությունը ձեռք է բերում երկրորդ սարքավորումը։ Մինչ այդ սպասման մեջ գտնվող հարյուրավոր մարդկանց տառապանքն ավելի է երկարում։

Կառավարության թերացումն է, երկրորդ սարքավորումը պետք է ավելի վաղ գնեին, ասում է Սամվել Բաղինյանը, ով ավելի քան երկու ամիս է իր 27-ամյա որդուց ոչ մի լուր չունի։ 45 օր առաջ ԴՆԹ նմուշ է հանձնել, դեռ նորության է սպասում. «Էսօր ես ինչքա՞ն սպասեմ, իմ նման լիքը ծնողներ, ինչքա՞ն սպասենք, որ իմանանք մեր երեխաները ո՞ղջ են, թե՞ իրեք դիակ են, բայց բերեք մասունքը հանձնենք մայր հողին, որ վաղը չասեն՝ անհայտ կորած է: Մեկն էլ ինձ, որ ասում են՝ իմ հարազատները, իմ տղայի ընկերները, ես չգիտեմ ինչ պատասխան տամ, ասում եմ՝ ես չգիտեմ՝ ինքը ուր է, եթե զոհված է դիակն ո՞ւր է, եթե գերի է, անունը չկա»:

Բաղինյանն ասում է՝ բազմաթիվ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ միասին կառավարությունում մի քանի անգամ բարձրաձայնել են խնդրի մասին, ասել՝ սարքի ձեռքբերումը անհապաղ անհրաժեշտություն է, դեռ որքա՞ն կարող են անորոշ սպասումներով ապրել: «Մենք էն անգամ էլ պահանջեցինք, որ էդ անալիզի կենտրոնը մի տեղ չպետք է լինի, պետք է լինի մի քանի հատ, ասում են՝ գումարը մեծ է: Գումարը մեծ է՝ 100 հազար դոլար է, թե 1 միլիոն դոլար է, պետությունն ունի այդ ռեսուրսը կարա երկու կամ երեք հատ բերի: Էդ գումարն էլ, փառք Աստծո, սփյուռքահայերը, սաղ աշխարհի հայերը հավաքեցին, 200 միլիոն դոլար իրենց փող են տվել», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկրորդ սարքը Հայաստան կհասնի առաջիկայում։ Հստակ ժամկետ չի նշվում։

XS
SM
MD
LG