Մատչելիության հղումներ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ, կան գերիներ, որոնց Ադրբեջանը թաքցնում է


Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չի բացառում, որ հայ գերիների թիվը շատ ավելի մեծ է, քան Ադրբեջանը ներկայացնում է։ Բեգլարյանի համոզմամբ՝ կան գերիներ, որոնց Ադրբեջանը թաքցնում է։

Նշենք, որ ըստ Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալների, միայն վերջին օրերին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Ադրբեջանական կողմը հայտարարում է100 և ավելի գերեվարվածի մասին։

Հարցին, թե կա՞ն իսկապես ենթադրություններ, որ այդ թիվը մեծ լինի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց․ - «Պետք է հասկանանք աղբյուրը, որովհետև իմ տեղեկություններով և իմ ուսումնասիրությունների հիման վրա, միայն ադրբեջանական աղբյուրներն են 100 թիվն ասում, կամ 150-160, 170 էլ կա։ Իմ տպավորությամբ մնացած հայկական աղբյուրները երկրորդային, երրորդային աղբյուրներ են, որոնք հենվել են ադրբեջանական, ընդ որում, ոչ պաշտոնական տեղեկատվության վրա, որը կարող է, բարձր հավանականությամբ, լինել կեղծ։ Այսինքն՝ կարող է լինել մանիպուլյացիա։ Հիմա մի քանի հավանական տարբերակ կա։ Մեկն՝ իրականում կարող է այս 60-ը գերի են ընկել և իրենք ուռճացնում են թիվը՝ հոգեբանորեն լրացուցիչ չափով ազդեցություն գործելու։ Երկրորդ տարբերակն այն է, որ այս 60-ը գերի են ընկել, դրան գումարած իրենք ունեն թաքցրած այլ գերիներ, որը միանշանակ է, որ ունեն, միգուցե պայմանական ևս 100-ը, և իրականում իրենք իրոք ունեն 160 հայ գերի և կարող են ցուցադրել իրենց, օրինակ եմ ասում։ Արդյունքում այս լուրը կարող է կեծիք չլինել, և կարծես թե իրենք ուղիղ չեն էլ ասում՝ 160-ը Խծաբերդից են գերեվարվել։ Նմանատիպ այլ սցենարներ, որոնք ես չեմ կարող բացառել։ Բայց քանի դեռ որևէ հիմնավոր ապացույց չունենք այդ թվին հավատալու, ես չեմ կարող միանշանակ կարծիք հայտնել, բայց հիմնավոր ապացույցներ կան շատ հստակ, որ իրենց մոտ առկա են ավելի շատ գերիներ, քան իրենք վերադարձրել են մեզ»։

«Ազատության» հետ զրույցում միևնույն ժամանակ Բեգլարյանն ընդգծեց՝ մասնավորապես Խծաբերդի դեպքով տղաներն այս պահին ունեն անհետ կորածի կարգավիճակ։

«Վերջնականապես ես գոնե դեռևս չեմ կարող ասել, որ հաստատ գերի են ընկել։ Այսինքն՝ այս պահին իրենց կարգավիճակը պետք է ասենք, որ անհետ կորած են, բայց հավանականությունը շատ բարձր է, որ այո՛, գերի են ընկել, ու տեսանյութի մեջ երևացողներն էլ իրենք են։ Քանի որ նաև հարազատները ճանաչել են, բայց չենք կարող միանշանակ ասել, որ տեսանյութում երևացող գործընթացում իրենք գերի են ընկել արդեն։ Հաջորդը՝ այն տեղեկությունները, որ ես միայն գիտեմ Պաշտպանության բանակից որոշ չափով ճշտած և նաև անհատ զինծառայողներից, որ մոտավոր Խծաբերդի ուղղությամբ, Խծաբերդի կողմերում, 60 հոգանոց ստորաբաժանումը անհետ կորել է։ Տեղեկություններ չունեն, իսկ թե իրենց հետ ինչ է կատարվել, դեռևս վերջնականապես հստակ չէ, բայց հաշվի առնելով և՛ այս առկա տեսանյութը, և՛ նաև այն, որ որոշակի ժամանակ իրենց հետ որևէ ձևով կապ չի հաստատվում՝ հեռախոսահամարներով, կամ տեղանքում որևէ մեկին չեն գտնում, դրա համար է նաև եզրակացությունը գերի ընկնելու հետ է կապված, մնացածն արդեն ավելի շատ ենթադրություններ կամ բամբասանքներ են»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG