Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Շիրակի մարզում, գերության մեջ հայտնվածների հարազատները պարզաբանում են պահանջում


Շիրակի մարզի մի քանի համայնքների տասնյակ բնակիչներ համացանցում երեկվանից տարածված տեսանյութերում ճանաչել են իրենց զավակներին, ու քանի որ իրավասու մարմիններից ոչ մի բացատրություն չէին ստացել, այսօր վաղ առավոտից փակել էին իրենց գյուղեր տանող ճանապարհները՝ պահանջելով հստակ պատասխանել, թե ինչպես են իրենց երեխաները հայտնվել ադրբեջանական գերության մեջ։

Խոսքը Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի անձնակազմերի մասին է:

Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ տեղեկություններ ու տեսանյութեր տարածեցին, որ 100 հայ է գերեվարվել այդ գյուղերի գրավման ժամանակ: Արցախի օմբուդսմենի նախնական տվյալներով՝ գերեվարվածները մոտ 60 հոգի են։ Ծնողների հուսահատությունն ավելի էր խորացել առավոտյան Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից հետո, թե «դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»։

Տեսանյութերից մեկում որդուն տեսած Եպրաքսիա Հակոբյանը, որ Քեթի գյուղից է, հարցնում էր, թե հրադադարի համաձայնագրի կնքումից հետո՝ խաղաղ պայմաններում, այդ ինչպե՞ս է իր տղան գերի ընկել. «Մենք համացանցով տեսել ենք, որ մեր երեխեն գերի էր, չոքեցրել էին, մենք գիշերն էտ վիդեոյով ենք տեսել»:

Քեթիում իրավիճակը բավականին լարված էր: Գյուղացիները չէին համաձայնում բացել ճանապարհը: Մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանը փորձում էր համոզել, թե ճանապարհ փակելով հարցի լուծմանը չեն հասնի՝ առաջարկելով մարզպետարան գնալ ու պատասխանատուների հետ կապ հաստատել. «Եթե ես իմանամ, որ ճանապարհ փակելով մենք այսօր հարցի լուծում են ստանալու, ես ստեղից չեմ գնում, ձեր կողքը կանգնած եմ ձեզ հետ միասին: Մենք ստեղ հարցի պատասխան չենք ստանալու: Հիմա էստեղ կանգնելով` մեր երեխեքի խնդիրը չի լուծվում: Ես ձեզ խնդրում եմ` իրար ճիշտ հասկանանք ժողովուրդ ջան»:

Մարզպետարան էին եկել ոչ միայն Քեթիի, այլ նաև Ազատանի բնակիչները, որոնց խոսքով՝ իրենց գյուղից վեց գերեվարված կա։ Այստեղ ևս իրավիճակը լարված էր, հավաքվածները պատասխան էին պահանջում. «Ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր այս պահին որևէ գործառույթ կարող են անել տղերքի ճակատագրի հետ կապված, իրենք այդ գործառույթները կենեն»:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ գերեվարվածների մասին տեղեկություն ստանալու համար նախօրեին Արցախ է գնացել. «Շիրակի մարզի մեր պարագայում խումբը, որ այնտեղ եղել է, ում հետ կապի խնդիր ենք ունեցել, ինքը 60-62 հոգանոց խումբ է եղել, այսինքն` ճանաչել են այդ խմբի տղաներին: Մենք կարող ենք խոսել միայն այդ խմբի հետ կապված, որևէ այլ տեղեկություն, որևէ այլ թիվ մենք չունենք: Մարզից այս պահին այդ տարածաշրջանում գտնվող մնացած թե մոբիլիզացիոն ռեսուրսի, թե կամավորականների կապ կա»:

Ազատանցիները, հստակ պատասխան չստանալով. վերադարձան գյուղ ու փակեցին Գյումրի-Երևան ճանապարհը: «Վերջին անգամ ամսի 12-ին` ժամը 5:30, եկան տղերքը, մեկը մյուսին ուրախանալով ճվացին, թե նահանջ են... այսինքն` պոստը թողած դուրս գաք, փոխարինեն պիտի, դրանից հետո կապը կտրվել է մինչև հիմա, բայց հիմա տեսնում ենք հեռուստատեսությամբ, որ ադրբեջանցոց դեմը չոքած են երեխեքը», - ասում են նրանք:

«Մեզի ոչ քաղաքականությունը կհետաքրքրի, ոչ էլ, մեզի կհետաքրքրի մենակ Ազատանի գերեվարվածները, մեկ էլ մյուս մեր հայ ժողովրդի գերեվարվածները, պատասխան տան` երբ կուտան, որ մենք մեր հետագա անելիքը գիտենանք` էրթանք կռվինք, չկռվինք, էտ հողերն էլ հանձնենք, թե չհանձնենք, թե էրթանք գրավելու»:

Հետո գերեվարված զինվորականների ծնողները կրկին հավաքվեցին մարզպետարանում, որտեղ արդեն Շիրակի մարզպետը տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում. «Գլխավոր շտաբի պետը գնում է Ստեփանակերտ»:

Հանդիպման ավարտից հետո նոր միայն Շիրակի մարզի մի քանի համայնքների՝ Ազատանի, Քեթիի, Լանջիկի, Իսահակյանի բնակիչները բացեցին մի քանի ժամ շարունակ փակ ճանապարհները։

XS
SM
MD
LG