Մատչելիության հղումներ

Պաշտպանության բանակը կա և լինելու է Արցախի պետականության անվտանգության հիմնական երաշխավորը, հայտարարում է ԼՂ ԱԳՆ-ն


«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը՝ արձագանքելով պաշտոնական Բաքվին, թե հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Լեռնային Ղարաբաղից։

Նշելով, թե «ադրբեջանական կողմի նման պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են հանդիսանում վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը», պաշտոնական Ստեփանակերտը եզրափակում է. «Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը»։

Ադրբեջանի քայլերը Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ, պնդումը, թե հայկական զինված ուժերը պետք է հեռանան ողջ Լեռնային Ղարաբաղից՝ վկայում են, որ Բաքվում հակված են մեծացնել լարվածությունը և ճնշում գործադրել Երևանի, Ստեփանակերտի նկատմամբ, այսօր «Ազատության» հետ զրուցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Նոյեմբերի 9-ի, 10-ի համատեղ եռակողմ հայտարարությունն ընդամենը պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն էր և ամենևին էլ դեռ չի նշանակում, որ հակամարտությունը լուծված է: Այսինքն հակամարտությունը լուծված չէ: Երկրորդը՝ ի՞նչ ենք մենք տեսնում, որ Բաքուն տրամադրված է այդ համատեղ հայտարարության տեքստը իր կողմից ցանկացած ձևով մեկնաբանել և ըստ իր մեկնաբանածի էլ, ընդհուպ մինչև ուժի գործադրումը, հասնել ինչ-ինչ ավելի շահեկան դիրքի», - ասաց քաղաքագետը:

Եվ վերջապես, ըստ Մեհրաբյանի, այո՛, ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում, նրանք շահագրգռված են, որպեսզի հրադադարը պահպանվի, սակայն միշտ չէ, որ նրանք կարողանում են երաշխավորել խաղաղությունը։

Թե իրավիճակն առաջիկայում ի՞նչ տարբերակով կզարգանա, քաղաքագետի խոսքով, շատ բան կախված է ռուսական կողմի դիրքորոշումից. «Որքան վճռականորեն ռուսական կողմը դիվանագիտական հարթության վրա կստիպի Բաքվին, այնուամենայնիվ, հավատարիմ մնալ այդ եռակողմ հայտարարությանը, և երկրորդը՝ որքան ակտիվ կլինի հայկական կողմը իր դիվանագիտական ջանքերում, իսկ մենք տեսնում ենք, որ հայկական կողմը հակված է ակտիվ դիվանագիտական միջամտությամբ նման իրավիճակները կանխել»:

Մոսկովյան Коммерсант պարբերականի երեկվա փոխանցմամբ, Բաքուն պնդում է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից, թերթը ներկայացրել է նաև Ադրբեջանի արտգործնախարարության լրատվական ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևայի խոսքերը: Որպես հիմնավորում, Ադրբեջանում մեջբերում են եռակողմ հայտարարության չորրորդ կետը, որն ասում է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։

Խնդրի վերաբերյալ երեկ արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը։ «Այսօր» լրատվականի հարցին, թե Коммерсант-ին տված մեկնաբանությունում Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը պնդել է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք հակասում են վերոնշյալ հայտարարության դրույթներին»:

Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անվտանգության ապահովմանը երեկ «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Երևանը շարունակելու է ապահովել Լեռնային Ղարաբաղի ոչ միայն ֆիզիկական անվտանգությունը։

«Իհարկե, շարունակելու է, և դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի կայուն և զարգացող պետություն, այսինքն դրա համար մենք պետք է մեր ներքին անվտանգությունն ապահովենք, մեր սահմանների անձեռնմխելիությունն ապահովենք, որպեսզի դա լինի ոչ միայն հայտարարություն, այլև իրողություն: Էլի եմ ասում՝ անվտանգությունը միայն ֆիզիկական անվտանգությունը չի, որն ամենակարևորն է, բնականաբար, սոցիալական անվտանգությունն էլ է կարևոր, տնտեսական անվտանգությունն էլ է կարևոր», - նշեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG