Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ի պնդմամբ՝ Ադրբեջանը միտումնավոր է թիրախավորել  Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին


Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծությունից հետո
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծությունից հետո

Ադրբեջանական ուժերը հոկտեմբերի 8-ին միտումնավոր են թիրախավորել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին՝ խախտելով պատերազմի վարման միջազգային կանոնները, պնդում է հեղինակավոր Human Rights Watch միջազային կազմակերպությունը՝ երեկ հրապարակած ծավալուն զեկույցում։

«Մի քանի ժամվա տարբերությամբ իրականացված երկու հարձակումները ենթադրում են, որ եկեղեցին, որը մշակութային նշանակություն ունեցող քաղաքացիական օբյեկտ է, դիտավորյալ է թիրախավորվել, այն դեպքում, երբ որևէ ապացույց չկար, որ այն օգտագործվում է ռազմական նպատակներով», - հայտարարում է հեղինակավոր կառույցը։

Նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, թե եկեղեցին պարզապես սխալմամբ է հայտնվել ադրբեջանական բանակի թիրախում, մինչդեռ, կազմակերպության փորձագետներն ուսումնասիրել են տեղում առկա զենքերի մնացորդները, և արձանագրել, որ ադրբեջանական բանակը ոչ թե պատահական կրակ է բացել, այլ՝ օգտագործել է հատուկ կառավարվող զինատեսակներ։

Հեղինակավոր կազմակերպությունը զրուցել է խաղաղ բնակիչների հետ, ովքեր հարձակման պահին եղել են տաճարում, կամ՝ դրա անմիջական հարևանությամբ։

«Այդ պահին եկեղեցու ներսում մի քանի երեխա կար, ես ուղղակի գրկել էի նրանց ու փորձում էի համոզել, որ վախենալու կարիք չկա», - պատմել է 71-ամյա Վովա Զաքարյանը։

Առաջին ռմբակոծությունից վնասվել էր եկեղեցու առաստաղը, պայթյունի հետքերը տեսանելի էին նաև մերձակայքում։ Դրանք պատկերող լուսանկարներն ու տեսանյութերը շատ արագ տարածվեցին համացանցում, փաստում է իրավապաշտպան կառույցը, մանրամասնելով՝ շրջանառվող լուսանկարներում երևացող զինատեսակների մնացորդները համապատասխանում են այն զինամթերքին, որը կարող է ճշգրիտ կերպով ուղղվել կոնկրետ թիրախի վրա՝ հեռակառավարման վահանակի օգնությամբ։ Միևնույն օրը, մի քանի ժամ անց, եկեղեցին երկրորդ անգամ է հարձակման ենթարկվել։

Դեպքի վայր ժամանած ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը, ով ևս վիրավորվել էր Ղազանչեցոց եկեղեցու վրա կատարված հարձակման ժամանակ, պատմել է․ - «Ես մի ահավոր պայթյուն լսեցի, դա այնքան հզոր էր, որ ընկերս վայր ընկավ, փորձում էր հարցնել՝ կենդանի՞ եմ ես, թե՞՝ չէ, ես էլ փորձում էի հասկացնել, որ ողջ եմ, բայց չէի կարողանում, քանի որ հայտնվել էի փլատակների տակ»։

Փրկարարները Շուշիում վիրավորված ռուս լրագրողին ուղղաթիռով տեղափոխում են Երևան, 9-ը հոկտեմբերի, 2020
Փրկարարները Շուշիում վիրավորված ռուս լրագրողին ուղղաթիռով տեղափոխում են Երևան, 9-ը հոկտեմբերի, 2020

«Գլխի, պարանոցի, որովայնի, վերջույթների շրջանում ստացած վնասվածքներից բացի, Կոտյոնոկը նաև թոքի վիրավորում էր ստացել և գլխուղեղի ցնցում, դեպքից մեկ շաբաթ անց նա դեռ գլխացավեր ուներ և լսողության խնդիրներ»,- փաստում է Human Rights Watch-ը։

Միջազգային մարդասիրական իրավունքը, որ հայտնի է որպես պատերազմի վարման օրենք, պահանջում է բոլոր դեպքերում և բոլոր հանգամանքներում տարանջատել քաղաքացիական օբյեկտները ռազմական թիրախներից, հարգել մշակութային ժառանգությունը, և չվնասել կրոնական և պատմական հուշարձանները։

«Այդ օրենքի լուրջ խախտումները համարվում են պատերազմական հանցագործություն, և կառավարությունները պարտավոր են հետաքննել այդ մասին մեղադրանքները և արդարացի պատասխանատվության կանչել մեղավորներին», - փաստում է իրավապաշտպան կառույցը։

Հեղինակավոր կազմակերպությունը հիշեցնում է՝ հոկտեմբերի 15-ին BBC-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե Բաքուն պատրաստ է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, միայն թե դրա համար ադրբեջանցի իրավապահները պետք է դեպքի վայր հասնեն։

«Հետաքննելու համար մենք պետք է այնտեղ լինենք։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ դա կամ մեր հրետանու կողմից թույլ տրված սխալմունք է, կամ՝ միտումնավոր սադրանք հենց հայերի կողմից», - ասել էր նա։

«Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է, և կառավարությունը պետք է ժամանակ չկորցնի՝ հետաքննելու Ղազանչեցոց եկեղեցու վրա իրականացված հարձակումներն ու պատասխանատվության կանչելու մեղավորներին»,- հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Հյու Ուիլյամսոնը։

Սա Human Rights Watch-ի արդեն երրորդ զեկույցն է՝ ղարաբաղյան պատերազմի մասին վերջին մեկ շաբաթվա մեջ։ Ռազմական գործողությունների ողջ ընթացքում ակնդետ հետևելով զարգացումներին՝ կազմակերպության փորձագետները փաստել էին, որ երկու կողմն էլ կիրառել է արգելված զինատեսակներ՝ խաղաղ բնակչության դեմ։

Նոյեմբերի սկզբին այցելելով Ադրբեջան, մասնավորապես, իրավապաշտպաններն արձանագրել էին կասետային ռումբերի օգտագործման չորս դեպք, մեկը՝ Բարդայում, երկուսը՝ Գորանբոյում, մեկն էլ՝ Թարթարի շրջանում։ Բարդայում կատարված հարձակումից, ըստ իրավապաշտպան կազմակերպության, 21 խաղաղ բնակիչ զոհվել էր, 70՝ վիրավորվել։

«Երբ հարձակումը սկսվեց, ես թաքնվեցի այստեղ ․․․սմերչով էին խփում, ռումբերն այս ու այն կողմ էին թափվում, մոտ 7-8-ն ընկան մեր տարածքում», - պատմել էր Գորանբոյի շրջանի բնակիչ Անար Սաֆարովը։

Ադրբեջանի կողմից կիրառված կասետային ռումբերի մասին կազմակերպությունը մի քանի անգամ էր ահազանգել։ Հիշեցնելով, որ BBC-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն այս մասին մեղադրանքները կեղծ՝ «ֆեյք նյուզ» էր որակել, Human Rights Watch-ը գնացել էր դրանց հետքերով ու փաստել՝ ադրբեջանական բանակի թիրախում են եղել ոչ միայն բնակելի շենքերը, դպրոցներն ու ծննդատունը, այլև՝ գազի խողովակաշարերն ու էլեկտրական ցանցերը։

«Թեև հիմա ռազմական գործողությունները դադարել են, սակայն, խաղաղ բնակությունը շարունակում է տառապել՝ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա իրականացված անհամաչափ հարձակումների հետևանքով»,- անցած շաբաթ հայտարարել էր Human Rights Watch-ի հակամատությունների ու ճգնաժամերի հարցով տնօրեն Լամա Ֆակիհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG