Մատչելիության հղումներ

Անհետ կորածի հարազատի խոսքով՝ Հայաստանի կառավարությունից միայն խոսքեր է լսել, արդյունք չի տեսել


Ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ, գերիների փոխանակման գործընթացի մասին խոսելով՝ այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հրադադարի համաձայնությունից մոտ մեկ ամիս անց, սակայն, գերիների փոխանակման որևէ ժամկետ դեռ պաշտոնապես չի նշվել։

«Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստը այս պահին հաստատված է պաշտոնապես, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն», - նշեց վարչապետը

Արդյոք «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը վերաբերվում է նաև Արցախում տարիներ առաջ դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, հայտնի չէ։

Երեկ հայտնի դարձավ, որ հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին: Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հնչած այս հայտարարության վերաբերյալ որևէ մանրամասներ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն հայտնում։ Հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին միայն ասաց, որ կողմերի միջև գործընթացը շարունակվում է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի փոխանցմամբ էլ՝ Ադրբեջանը առաջին անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ:

ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 11-ը ժամկետ է սահմանել Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:

Վարչապետ Փաշինյանն այսօր նաև տեղեկացրեց, որ հրադադարի համաձայնությունից՝ նոյեմբերի 9-ից հետո հակամարտության գոտուց դուրս է բերվել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմիններ այժմ գտնվում են ճանաչման փուլում։

«Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմինները անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են, հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը։ նոյեմբերի 9-ից հետո նույնականացվել և հարազատներին է հանձնվել 135 մարմին, և այս գործընթացը կշարունակվի», - ընդգծեց նա։

Փաշինյանի խոսքով՝ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց հետ կապված այժմ աշխատանքներ են կատարվում, այլ մանրամասներ չհայտնեց։

Մինչ կողմերը փորձում են այս աշխատանքները իրականացնել, գերեվարված, անհետ կորած զինծառայողների հարազատները շաբաթներ շարունակ տարբեր դռներ են թակում՝ մի լուր ստանալու հույսով։ Որոշները Հայաստանում ոչ մի պատասխան չստանալով՝ հասել են Արցախ։ Նրանցից մեկն էլ Արսեն Ղուկասյանն է, ով ավելի քան 50 օր է, ինչ փնտրում է եղբորն ու եղբորորդուն։ Ասում է՝ Հայաստանի կառավարությունից միայն խոսքեր է լսել, արդյունք չի տեսել։

«Եթե այսօր ինչ-որ մարդիկ մեկ խնդիրը համարում են իրենց աթոռների պահպանումը, ես չեմ համարում դա ճիշտ։ Եթե ուզում են իրենց աթոռները պահպանել, պետք է առաջնահերթ շատ արագ, օպերատիվ ձևով արձագանքեին էս ամեն ինչին ու էս ամենի լուծումը տային: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ առ այսօր Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից կարելի է ասել ոչ մի բան չրի արվում», - նշեց Ղուկասյանը:

Արսեն Ղուկասյանն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Ստեփանակերտում է՝ տեսնելու՝ այնտեղ ինչ կարող են անել։ «Սեղմած չպահես, իրար չեն գա, բայց հոգուս մեղք չեմ անի, կատարվել է աշխատանքներ: Չեմ ասում՝ այստեղ շատ մարդ է պետք, մի քանի հոգի մնա, բավական է, որ այս հարցի ընթացքը շարունակվի, որովհետև այս մարդիկ, երբ որ կատարում են այդ օրվա աշխատանքը, երեկոյան հանդիպում ենք, որ ժամին ուզում է լինի, ամփոփում ենք օրվա կատարածը, օրվա բացթողումները, նորից նոր առաջարկություններ ենք լսում: Մարդիկ կան, ծնողներ կան, ինչ-որ մեկին բերում են, ասում են՝ էս մարդը տեսել ա, էս մարդը գիտի: Այդ մարդկանց էլ ներգրավում են այդ խմբի մեջ, որ իրենք գնան այդ խմբերի հետ», - ներկայացրեց նա:

Ղուկասյանն ասաց՝ Ստեփանակերտում են գտնվում մոտ մի քանի տասնյակ ծնողներ, հարազատներ։ Նրանց թիվն օր օրի ավելանում է. «Մարդիկ արդեն եկել հասել են այն հուսահատված կետին, որ էլ չգիտեն՝ ում դիմեն, էլ ի՞նչ անեն, փրփուրներից են արդեն կախվում, որովհետև եթե հանկարծ ձյունը դրեց, գործողությունները կդադարեն: Ձյան տակից ոչ ոքի չեն կարա գտնեն, դա կմնա մինչև գարունը ձյունը կհալվի, էլ ի՞նչ»:

Անհետ կորածի հարազատն ասաց նաև՝ հանդիպումներ են ունենում Արցախի նախագահի հետ, առաջարկներ անում՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար։

XS
SM
MD
LG