Մատչելիության հղումներ

Արցախի նախագահի խորհրդականի խոսքով՝ ամենն արվում է իրավիճակը կայունացնելու համար


Երեկ Հադրութի շրջանի՝ հայկական տիրապետության տակ մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի շրջակայքում տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 6 վիրավոր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ ադրբեջանական ուժերը սադրանքի են դիմել։ Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ մի քանի ժամ տևած մարտերի ընթացքում ադրբեջանական ուժերը մտել են Հին Թաղեր և մոտեցել Խծաբերդ գյուղին։ Ավելի ուշ Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնեց, որ ադրբեջանական ուժերը գործողություններն այսօր արդեն շարունակել են Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական Բաքուն հակառակն է պնդում՝ իրենք են պատասխանել հայկական կողմի սադրանքներին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ երեք ադրբեջանցի զինծառայող զոհվել է նոյեմբերի 26-ին Մարտունու շրջանում, ևս մեկը՝ դեկտեմբերի 8-ին՝ Հադրութում։

Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծում է՝ ադրբեջանական ուժերի գործողությունները հայկական բնակավայրերի ուղղությամբ նպատակ ունեն արժեզրկել ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում։ Արտաքին գերատեսչությունը նաև նշում է՝ Ադրբեջանը սադրանքները հրահրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության օրերին, և դրանք ուղղված են համանախագահների ջանքերի դեմ։ Նախարարության պնդմամբ՝ ադրբեջանական վերջին գործողություններն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն են։

ԱԳՆ-ն, կոչ անելով «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ և հասցեագրված արձագանքել ադրբեջանական կողմին», ընդգծում է, որ պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում «ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր»։

Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցի փոխանցմամբ՝ այժմ ամենն արվում է իրավիճակը կայունացնելու համար. «Վերադառնան ադրբեջանցիներն իրենց դիրքերը, և այդ բանակցությունները հիմա գնում են»:

Հյուսնունցի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ֆոնին Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ագրեսիվություն ցուցաբերել. «Ուզում են իրենց գերագահությունը ցույց տան, որ իրենք ավելի ագրեսիվ են, ավելի մեծ ախորժակ ունեն, և այս ֆոնի վրա իրենք ուզում են իրենց ակտիվությունը ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին»:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որը պատերազմի ընթացքում պաշտպանել է Խծաբերդն ու հարակից գյուղերը, երեկ մի շարք գործիչների հետ հանդիպել է ռուս խաղաղապահների հրամկազմի հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար. «Ասացին, որ բարձր մակարդակով պայմանավորվել են դադարեցնել մարտերը, մինչև առավոտը լուծումներ գտնեն: Հիմա այդ փուլում են»:

Այսօր առավոտյան էլ է ռուս խաղաղապահների հետ հանդիպում եղել, որի մանրամասները ըստ Խանումյանի` կհրապարակվեն։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկվա մարտական գործողությունների հետևանքով հայ զինվոր է գերեվարվել: Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևրոգ Ալթունյանը, «Ազատության» հետ զրույցում արձագանքելով այդ հրապարակումներին, ասաց՝ այդպիսի տեղեկություններ հայկական կողմը չունի։ ՊՆ-ն հաղորդում է՝ երեկվանից հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև Հադրութի շրջանում բանակցություններ են ընթանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, նախկին բնագծեր վերադառնալու շուրջ։

XS
SM
MD
LG