Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը հայտարարում է՝ «պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար»


Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանները, եթե Երևանը տարածաշրջանային խաղաղության համար դրական քայլեր ձեռնարկի, այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձազրույցից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք, պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար։ Մենք հայ ժողովրդի հետ խնդիր չունենք», - նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան և այդ երկրի բնակիչները ատելություն չեն տածում հայ ժողովրդի նկատմամբ։ «Բոլոր խնդիրները Հայաստանի ղեկավարության հետ են», - շեշտել է Էրդողանը և հիշեցրել Թուրքիայում աշխատող Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների մասին։

Թուրքիայի առաջնորդը, ում վարչակազմը նախկինում Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայման էր համարում Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջանների վերադարձը Ադրբեջանին, այժմ հայտարարում է, թե իրենք ցանկություն չունեն հարևան երկրի հետ մշտապես փակ պահելու սահմանները:

Էրդողանը Բաքվում է երկօրյա աշխատանքային այցով։ Այսօր նա մասնակցել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթին, որին նախ ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք ապացուցեցինք, որ հակամարտությունը ունի ռազմական լուծում։ Հակառակ դեպքում, այդ իրավիճակը՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ, կարող էր շարունակվել ևս 30 տարի», - հայտարարել է Ալիևը:

Թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները՝ Իլհամ Ալիևը իր խոսքում հասավ նաև Հայաստանի տարածք՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։ Ադրբեջանի ղեկավարը բազմիցս է հրապարակավ հայտարարել, թե ներկայիս Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաք Երևանը ստեղծել է ադրբեջանական տարածքի վրա, և հայերն էլ եկվորներ են:

Խոսելով ադրբեջանական բանակի իր բնորոշմամբ սխրանքների մասին, Ալիևը առանձնացրել է, իր խոսքերով, Շուշիի գրավումը։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Շուշի քաղաքը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ առաջինն էր գրավվել հայկական ուժերի կողմից, իսկ ադրբեջանական բանակը դրանով ավարտին է հասցրել պատերազմը՝ ստիպելով «թշնամուն» համակերպվել կապիտուլյացիոն համաձայնությանը:

«Հայրենական պատերազմի առաջին ժամերից մենք զգացել ենք Թուրքիայի աջակցությունը։ Էրդողանը առաջին ժամերից աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը՝ ասելով, որ մեր գործն արդար է։ Նրա միանշանակ, կոշտ հայտարարությունները այդ հարցում Ադրբեջանի ժողովրդին ուրախացնում էին։ Իմ եղբայրն ասում էր՝ այս պատերազմում Ադրբեջանը ճիշտ է, Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է», - ռազմական շքերթին հայտարարել է Ալիևը։

Մեկուկես ամիս տևած արյունալի պատերազմի ընթացքում Բաքվին ոչ միայն քաղաքական, դիվանագիտական, այլ նաև ռազմական աջակցություն էր ցուցաբերում Անկարան, որն ընդհուպ սիրիացի վարձկաններ է ուղարկել ռազմի դաշտ Ադրբեջանական զորքի կողմից կռվելու համար։ Իսկ արդեն պատերազմից հետո՝ Թուրքիան իր ռազմական ներկայությունն ունի տարածաշրջանում՝ ռուս զինվորականների հետ իրականացնելու դիտորդական առաքելություն։ Այժմ, ինչպես այսօր Բաքվի կենտրոնում հայտարարում էր Թուրքիայի նախագահը՝ Ադրբեջանի հետ միասին «վայելում են» 44-օրյա պատերազմի արդյունքները։ Իր ծավալուն ելույթում Ռեջեփ Էրդողանը դիմեց նաև Հայաստանին՝ խորհուրդ տալով խելք հավաքել»։

«Հայաստանը պետք է խելք հավաքի։ Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը իրենց ժողովրդին հասցրել են դժբախտության։ Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում կսկսվի նոր դարաշրջան», - ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի համոզմամբ՝ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։ Թուրքիայի առաջնորդը Երևանին կոչ է արել ջանքեր գործադրել Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար՝ միևնույն ժամանակ Հայաստանին սպառնացել «Ադրբեջանի երկաթյա բռունցքով», եթե շարունակի ագրեսիվ վարքագիծը Հարավային Կովկասում: Թուրքիայի կողմից մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ժխտող Էդրողանը կարծիք է հայտնել, թե հայերը պետք է գիտակցեն, որ ոչնչի չեն հասնի գործելով Արևմուտքի իմպերիալիստների ցուցումներով։

Թուրք-ադրբեջանական, այսպես կոչված, «Հաղթանակի շքերթը» տեղի էր ունեցել Բաքվի կենտրոնական «Ազադլըղ» հրապարակում։ Ադրբեջանցի զինվորականների հետ դրան մասնակցել են նաև թուրք զինվորականները, ըստ հաղորդումների, խոսքը թուրքական բանակի էլիտար ստորաբաժանման մասին է՝ 2 հազար 783 զինծառայող։ Ըստ Ադրբեջանի իշխանությունների՝ հենց 2 հազար 783 ադրբեջանցի զինծառայող է սպանվել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այսօրվա զորահանդեսին մասնակցել է մի քանի հազար զինվորական, շուրջ 150 միավոր ռազմական տեխնիկա՝ այդ թվում հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ռազմական շքերթի ընթացքում ցուցադրվել են նաև թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք առանցքային դերակատարություն են ունեցել պատերազմում։ Բաքվի «Ազադլըղ» հրապարակ է հանվել նաև պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զրահատեխնիկան։ Մինչ այդ էլ՝ արդեն վաղ առավոտից Բաքվի փողոցներում շրջում էր հսկայական բեռնատար մեքենա, որը ծածկված էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոցված տեխնիկայի ավտոհամարանիշներով։

XS
SM
MD
LG